Մատչելիության հղումներ

Կավարտվի՞ արդյոք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը 2026 թվականին


Կիև, Ուկրաինա
Կիև, Ուկրաինա

Մինչ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմը մոտենում է չորս տարվա նշագծին, կողմերը ընդհանուր հայտարարի չեն գալիս հիմնական հարցերի շուրջ, վերլուծաբանները նշում են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենաշատ զոհերի պատճառ դարձած այս հակամարտությունը, հավանաբար, չի ավարտվի 2026 թվականին։

«Իհարկե, ես ուզում եմ, որ այս ամենը ավելի շուտ ավարտվի, բայց ինձ թվում է, որ դա որոշ ժամանակ դեռ կշարունակվի»,- անցյալ տարվա մայիսին «Ազատություն» ռադիոկայանին ասել է առաջնագծին մոտ գտնվող ուկրաինացի մի զինվոր, ով ներկայացել էր միայն իր անունով՝ Պետրո։

«Հրադադար չի լինի։ Ամեն ինչ վկայում է, որ այս պատերազմը կշարունակվի», - նշել է նույն ստորաբաժանման մեկ այլ զինվոր՝ Օլեքսանդր անունով։

Նա հավելել է, որ առնվազն Ռուսաստանը, կարծես, վճռական է տրամադրված Ուկրաինայի Դոնեցկի մարզն ամբողջությամբ օկուպացնելու հարցում։

Ութ ամիս անց հրադադար չկա, առավել ևս՝ երկարատև խաղաղություն


Չնայած կատաղի մարտերին ու բազմաթիվ զոհերին՝ Ռուսաստանը չի կարողացել ամբողջությամբ գրավել Դոնեցկը, ինչը նրա հիմնական նպատակներից է։

«Հակամարտության վերջնական լուծման համար պայմաններից որևէ մեկը գոյություն չունի, - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լոնդոնի Քինգս քոլեջի պատերազմի ուսումնասիրությունների բաժնի ավագ դասախոս Ռութ Դեյերմոնդը, - Ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Ռուսաստանը, կարծես, ի վիճակի չեն վճռական հաղթանակ տանել մարտադաշտում, և չնայած երկուսն էլ զգալի ճնշման տակ են, ոչ մեկը, կարծես, չի փլուզվի»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսեց Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումը՝ ակնկալելով, որ Ուկրաինան կհպատակեցվի կարճ ժամանակահատվածում։ Գրեթե չորս տարի անց ռուսական ուժերը ավելի քիչ ուկրաինական տարածք են զբաղեցնում, քան հարձակման առաջին մի քանի շաբաթներից հետո։

Ոտքով, մոտոցիկլետներով և նույնիսկ ձիով, երբ ցեխը խոչընդոտում է մեքենաների շարժը, նրանք դանդաղորեն առաջ են շարժվում՝ հսկայական զոհերի գնով, բայց Կիևը դեռևս վերահսկում է հինգ շրջաններից երեքի՝ Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի զգալի հատվածները, որոնք Մոսկվան անհիմն կերպով իրենն է համարում։

Արևմտյան հետախուզության գնահատականների համաձայն՝ երկու կողմերը միասնաբար ավելի քան 1.5 միլիոն զոհ կամ վիրավոր ունեն։ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի անդադար օդային հարձակումների պատճառով սպանվել կամ վիրավորվել են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, մեծ վնաս է հասցվել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Կիևը ռուսական հարվածներից հետո, Ուկրաինա
Կիևը ռուսական հարվածներից հետո, Ուկրաինա

Անցյալ տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց իր երկրորդ ժամկետը՝ պատերազմը ավարտելու համար միջնորդությունը ունենալով որպես իր օրակարգի գլխավոր թեման։ Վերջին մի քանի ամիսների դիվանագիտական ջանքերի արդյունքում Ուկրաինան, նրա եվրոպացի աջակիցները և Միացյալ Նահանգները մոտեցել են խաղաղության նախագծի շուրջ համաձայնության։

Կոշտ հռետորաբանություն

Հաջողության շանսերը, սակայն, մշտապես մթագնել են, երբ կողմերը սկսել են քննարկել՝ արդյոք Ռուսաստանը որևէ զիջում կանի կարևոր, օրինակ՝ տարածքային հարցերում կամ կփոխի իր վերաբերմունքը Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ համաձայնելով արևմտյան զինվորների տեղակայման հեռանկարին։ Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ տարաձայնությունը մեկ այլ խոչընդոտ է։

Առաջիկա շաբաթները կարող են ավելի շատ պարզություն բերել։ «Թվում է, թե Միացյալ Նահանգները, Ուկրաինան և Եվրոպան կարող են ընդհանուր լեզու գտնել, բայց Ռուսաստանը պատրաստ չէ զիջումների,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ռազմական փորձագետ Մարկ Կանչիանը, - Ռուսների հայտարարած նպատակները բացարձակապես անընդունելի են մյուս կողմերի համար: Ռուսներն էլ զիջման պատրաստ չեն, քանի որ վստահ են, որ հաղթում են»:

Ռուսաստանը, միաժամանակ, ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը:
Այսպես, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացահայտ հայտարարեց, որ Մոսկվան «կխստացնի իր բանակցային դիրքորոշումը», երբ Ռուսաստանը մեղադրեց Ուկրաինային Պուտինի նստավայրերից մեկի վրա անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում իրականացնելու մեջ:

Կիևը հերքեց դա, իսկ Թրամփը՝ սկզբում ակնարկելով, որ հավատում է դրան, երբ Պուտինը նրան հեռախոսով պատմել է այդ մասին, հետագայում կրկնեց Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունը, որ ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ էլ նրա նստավայրը թիրախավորված չեն եղել:

Պուտինն օգտագործեց դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսը, Ամանորյա ուղերձը և ուղղափառ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ելույթը՝ ցույց տալու, որ Ռուսաստանը կենտրոնացած է հաղթանակի, այլ ոչ թե խաղաղության վրա: Նա գովաբանեց ռուս զինվորներին դեկտեմբերի 31-ի և հունվարի 7-ի իր ելույթներում, ասելով, որ նրանք «սուրբ առաքելություն» են իրականացնում՝ համեմատելով այն Հիսուս Քրիստոսի առաքելության հետ։ Նա խաղաղության մասին ոչինչ չասաց:

«Պուտինի լռելյայն դիրքորոշումն է շարունակել պատերազմը , նա շարունակում է «Դոնբասի և Նովոռոսիայի» վերաբերյալ հավակնություններ ունենալ, - ասում է «Կարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատող Դարա Մասիկոտը՝ մեջբերելով Ռուսաստանի նախագահի վիճահարույց այս եզրույթը, որը հիշեցնում է կայսերական Ռուսաստանի՝ Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածների նկատմամբ տիրապետության մասին։

«Ներքին և արտաքին ճնշումների աճին զուգընթաց՝ «և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան փնտրում են պատերազմը իրենց համար լավագույն պայմաններով ավարտելու եղանակներ, այլ ոչ թե այն երկար տարիներ ձգձգելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Ճգնաժամային խմբի» Ռուսաստանի գծով ավագ վերլուծաբան Օլեգ Իգնատովը։

Բեկման կետ

«Սա 2025 թվականի գլխավոր դասն է։ Երկու կողմն էլ հասկանում է, որ լայնածավալ պատերազմը չափազանց երկար ձգելը կարող է առաջացնել նրանց ապակայունացման ռիսկ և առաջիկա տարիներին խոչընդոտել զարգացմանը», - ասել է նա։

Սակայն առայժմ, Իգնատովի խոսքով, «երկու կողմն էլ կարծում է, որ պատերազմի շարունակությունը կարող է բարելավել իրենց բանակցային դիրքերը 2026 թվականին»։

Երկու երկրներն էլ ունեն խոցելի կետեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների հետ կապված մարտահրավերներ, որոնք լուրջ խնդիր են Ուկրաինայի համար։

Պարզ չէ, թե երբ է ավարտվելու պատերազմը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգներում գտնվող Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող և Ռուսաստանի տարածաշրջանային և բյուջետային հարցերի փորձագետ Անդրաս Տոտ-Չիֆրան՝ հավելելով. «Բայց ես կարող եմ ասել ձեզ, որ Ռուսաստանի ներքին ռազմական մեքենայի վրա ճնշումը 2026 թվականին ավելի մեծ կլինի, քան վերջին չորս տարիների ընթացքում ցանկացած պահի»։

Սակայն «չնայած անձնակազմի պակասին և ֆինանսական միջոցների սղությանը, Ուկրաինան, հավանաբար, կկռվի մինչև իրոք սպառվեն զենքերը, զինվորները կամ երկուսն էլ», հավելել է «Ճգնաժամային խմբի» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Օլգա Օլիկերը։

«Մենք չպետք է ակնկալենք, որ Ռուսաստանը կփլուզվի տնտեսական ծախսերի և անձնակազմի կորուստների աճի հետևանքով, - ասել է նա, - Ըստ էության, չնայած երկու կողմերի համար էլ հնարավոր է այս տարի հասնել իրենց բեկման կետին, սակայն թե որտեղ են այդ բեկման կետերը, կարելի է իմանալ միայն հետադարձ հայացքով»:

Այսպիսով, լայնածավալ պատերազմը, Օլիկերի ներկայացմամբ, կարող է «շարունակվել իր հինգերորդ տարում՝ սահմանափակ տարածքային նվաճումներով, մեծ թվով զոհերով և շարունակական հրթիռային ու ԱԹՍ հարվածներով ամբողջ Ուկրաինայում և Ռուսաստանում գտնվող հիմնական թիրախների վրա։ Ըստ փորձագետի՝ կա մեկ հնարավորություն, որ «Թրամփի վարչակազմը ճնշում կգործադրի Կիևի վրա՝ ստիպելով ընդունել Ռուսաստանի պայմանների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ինչը հավասար կլինի փաստացի կապիտուլյացիայի»:

Ըստ նրա՝ սա, հավանաբար, կհանգեցնի լարված իրավիճակի, որը կխթանի քաղաքական անկայունությունը Ուկրաինայում և կառաջացնի մտահոգություններ Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ Եվրոպայի այլ վայրերում։ Մինչդեռ, ասում է Օլիկերը, «Մոսկվան նույնպես նյարդայնացած կլինի»:

«Դա խաղաղության տեսք չի ունենա և կարող է ավելի բռնի հակամարտություն առաջացնել», - ավելացրել է նա:

Դեյերմոնդը նույնպես շեշտել է, որ թեև պատերազմը, հավանաբար, չի ավարտվի 2026 թվականին, «այն կարող է վերածվել ժամանակավորապես սառեցված հակամարտության, եթե համաձայնեցվի հրադադարը»:

«Ուկրաինայի համար գոյաբանական սպառնալիք է Ռուսաստանի օկուպացիան և նրա իմպերիալիստական ցանկությունը՝ վերահսկել և ստիպել Կիևին վերադառնալ գաղութային հարաբերությունների, ինչը ջնջում է Ուկրաինայի անկախությունն ու ազգային ինքնությունը, - նշել է Դեյերմոնդը, - Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Պուտինի նախագահությունն այժմ այնքան կապված է պատերազմի և Ուկրաինան ենթարկեցնելու նախագծի հետ, որ դեօկուպացիան կամ Ուկրաինայի հարցում հայտարարված նպատակներից հետ կանգնելը հնարավոր չի թվում, քանի դեռ Ռուսաստանը նոր նախագահ չունի»։

Այնուամենայնիվ, նա հավելել է. «Կրեմլում 2026 թվականին փոփոխության մեծ հավանականություն չկա, ուստի ես կարծում եմ, որ 2026 թվականի դեկտեմբերի վերջին մենք ինքներս մեզ կհարցնենք, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել 2027 թվականին»։


XS
SM
MD
LG