Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևի ջերմային էլեկտրակայանը, ինչի արդյունքում 46,000 սպառող մնացել է առանց ջեռուցման: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
«Դա արվել է միտումնավոր, որպեսզի մարդկանց առանց ջերմության թողնեն զրոյական ջերմաստիճանում և ստեղծեն հումանիտար աղետ», - գրել է Շմիգալը Տելեգրամում:
Ինչպես հայտարարել է Նիկոլաևի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Քիմը, ուկրաինական ՀՕՊ ուժերը տարածաշրջանում խոցել են ինը «Շահեդ»:
Պայթյունի ալիքից վնասվել են հինգ բազմաբնակարան շենքեր, չորս խանութներ, սննդի հաստատություն և գրասենյակային տարածքներ:
Ռուսական կողմը չի մեկնաբանել այս հաղորդումը: Մոսկվան մշտապես պնդում է, որ հարվածներն ուղղված չեն խաղաղ բնակչությանը: