Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին:
«Ատոմակայանի սարկոֆագը վնասվել է։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, և դրան անընդհատ հետևում են», - գրել է նա սոցիալական ցանցում՝ հավելելով, որ նախնական գնահատականներով՝ վնասներն էական են:
Զելենսկին հայտնել է, որ խոսքը սարկոֆագի մասին է, որը Ուկրաինան կառուցել է այլ երկրների հետ համագործակցությամբ։ Այն կանգնեցվել է հին «թաքստոց» օբյեկտի վրա, որը մեկուսացնում է 1986 թվականին պայթյունի հետևանքով ավերված չորրորդ բլոկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նոր սարկոֆագի շինարարության ավարտից հետո ասել էր, որ այն պետք է 100 տարի ծառայի և կոչված է ապահովելու շրջակա միջավայրի պաշտպանությունը ռադիոակտիվ նյութերի հետագա ներթափանցումից:
«Աշխարհում միակ երկիրը, որը հարձակվում է նման օբյեկտների վրա, պատերազմ է մղում՝ չմտածելով հետևանքների մասին, այսօրվա Ռուսաստանն է», - նշել է Զելենսկին:
Կրեմլից հերքել են իրենց միջամտությունը՝ նշելով, որ սա հերթական պրովոկացիան է: