Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան վերջին երեք օրվա ընթացքում այսօր երկրորդ հանդիպումն են անցկացրել:
Սպիտակ տունը, ամփոփելով այդ հանդիպումը, հայտարարել է՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան պայմանավորվել են՝ Սև ծովում ապահովել անվտանգ նավարկություն, վերացնել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով: Նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ռազմագերիների փոխանակման, կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակման և բռնի կերպով տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձին օգնելու հարցերում:
Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ մշակել՝ իրականացնելու նախագահներ Թրամփի և Զելենսկու միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ արգելելու Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածելը։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային վերահաստատել է՝ նախագահ Դոնալդ Թրամփի համար հրամայական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերում էլ սպանությունները դադարեն՝ որպես կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քայլ: Այդ նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի միջնորդ լինել կողմերի միջև՝ խաղաղ կարգավորման հասնելու համար, հայտնում է Սպիտակ տունը:
Երեկ Էլ Ռիյադում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էին 12 ժամից ավելի բանակցել, սակայն արդյունքում այդպես էլ որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարվեց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննարկելու են Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման և էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու՝ ամերիկյան առաջարկը:
Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին բանագնացները զեկուցել են Վաշինգտոնին և Մոսկվային, որտեղ ստացված տեղեկությունները վերլուծվում են: Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունների բովանդակությունը չի հանրայնացվի. «Խոսքը տեխնիկական բանակցությունների մասին է՝ շատ մանրամասներով, ուստի, իհարկե, այս բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի: Նման բան սպասել պետք չէ»:
Ռիյադում ռուսական պատվիրակության անդամ, Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն այսօր ՏԱՍՍ-ին ասել է, որ երեկ քննարկել են շատ հարցեր, թեև ոչ բոլորի շուրջ են համաձայնել: Բանակցությունները, ըստ նրա, հեշտ չէին, բայց օգտակար էին երկու կողմերի համար էլ: Կարասինը հավելել է, որ լրացուցիչ քննարկումներին կներգրավվի նաև միջազգային հանրությունը:
«Ամեն ինչ քննարկվել է ... Կշարունակենք դա անել՝ ներգրավելով միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ին և առանձին երկրների: Ընդհանուր առմամբ, կառուցողական երկխոսության տպավորություն ունեմ, ինչը հարկավոր է և անհրաժեշտ: Դրանով հետաքրքրված են նաև ամերիկացիները», - նշել է նա:
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին այսօր հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման նոր գործարք կնքել` պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահին կկարգադրի հարգել պայմանավորվածությունները, քանի որ Զելենսկուն իրենք չեն վստահում. «Այդ մարդու խոսքին մենք չենք հավատում: Մեզ հստակ երաշխիքներ անհրաժեշտ կլինեն ... Եվ ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այս ազդակը»:
Ուկրաինայից դեռ չեն արձագանքել Մոսկվայի հայտարարություններին: Մինչ այդ՝ ուշ երեկոյան, նախագահ Զելենսկին, անդրադառնալով Ռիյադի բանակցություններին, հայտարարել էր, որ անհրաժեշտ է տեղաշարժ դեպի իրական խաղաղություն, դեպի երաշխավորված անվտանգություն։
«Սա անհրաժեշտ է բոլորին` Ուկրաինայում, Եվրոպայում, Ամերիկայում և աշխարհում բոլոր նրանց, ովքեր միջազգային հարաբերություններում կայունության են ձգտում», - ասել է Զելենսկին:
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն իր հերթին այսօր ասել է, որ Ուկրաինան անվերապահորեն աջակցում է նաև ամբողջական հրադադարի գաղափարին: «Մենք լիովին աջակցում ենք դրան: Մեզ անհրաժեշտ է, որ Ռուսաստա՛նը դրան համաձայնի»,- ասել է Օքսանա Մարկարովան:
Ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց: Լուգանսկում հրետանու հարվածից երեկ սպանվել է երկու լրագրող և նրանց վարորդը, ինչի համար Մոսկվան մեղադրել է Կիևին: Ռուսական հրթիռի հարվածից Սումիում վիրավորների թիվը հասել է 100-ի: Հարձակումները շարունակվել են նաև այսօր: Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել է էներգետիկ օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մեջ: