4-րդ օրն է՝ Ծափաթաղ գյուղում շարունակում են որոնել 3 տարեկան Տիգրանին. որևէ հետք չկա. «Բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում, որևէ հետք չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Երկուշաբթի է անհետացել Տիգրանը, իրենից երկու տարով մեծ եղբոր հետ խաղալիս են եղել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն է վերադարձել, փոքրիկը՝ ոչ։ Երեկ երեխաների հորաքույրը «Ազատությանը» պատմել էր, որ համր եղբայրը կոկորդն է ցույց տալիս, երբ փորձում են մի բան ճշտել. «Ձեռը բողազին ա տանում: Երևի վախեցրել են, ինչ են արել, չգիտեմ, չգիտեմ», - ասում է հորաքույրը։
Երեխաների մայրը՝ տիկին Փառանձեմը, այսօր նույնը պնդեց. «Դե ձեռքը վզի վրա է տանում, բայց չգիտեմ՝ ինչ է նշանակում իրենց համար, չգիտեմ»։
Գեղարքունիքի մարզպետը դարձյալ շեշտում է՝ բոլոր վարկածներն են քննվում, այս դրվագի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություն ունեն. «Որ ինքը չի կարողանում խոսի, հասկացրել է, որ չի կարողանում բացատրի, իրենց հարցերին չի կարողանում ամբողջությամբ պատասխանի, դա է եղել»։
Երեկ Տիգրանի մայրը, քույրն ու երեք եղբայրները հարցաքննության էին հրավիրվել: Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ նախաքննական քննչական գործողություններ են, դրանց մասնակցում են նաև հոգեբան ու լոգոպեդ:
150 փրկարար, մարզային ու համայնքային ոստիկանության հինգ բաժիններից 80 ծառայողներ շարունակում են որոնել երեխային Ծափաթաղ գյուղի հարակից տարածքներում։ Սևանի լճի ափին ու նաև ջրում անօդաչուներ են օգտագործվում, շներ, մոտոներ: Փոքրիկը մոլորվե՞լ է, առևանգե՞լ են նրան, թե՞ կենդանիներ են հարձակվել՝ լճափնյա այս գյուղում շնագայլեր են լինում,- պատմեցին բնակիչները:
Միևնույն ժամանակ այս վարկածը բացառում են, որովհետև հետք չի գտնվում, երեխան հողաթափով է եղել, ոտքից կընկներ.... Փրկարարները, կամավորները հազարավոր հեկտարներ են անցել՝ ամեն շորի, կոշիկի կտոր զննել. ոչինչ չի հուշում, որ փոքրիկն անցել է այս տեղերով։
Աղքատության մեջ ապրող ու ողբերգության մեջ հայտնված ընտանիքը
Տիգրանի ընտանիքը բազմանդամ է և ապրում են հորաքրոջ՝ նույնպես բազմանդամ ընտանքի հետ՝14 հոգով են: Տանը նաև հաշմանդամություն ունեցող հորեղբայրն է: Այստեղ ոչ ոք մշտական աշխատանք չունի: Աղքատությունը չի հաղթահարվում նաև նպաստով: Գեղարքունիքի մարզպետն ասում է՝ իր ղեկավարած կառույցը ընտանքին չի աջակցել, որովհետև նրանցից դիմում չեն ստացել։ Կարեն Սարգսյանը նշում է. «Առաջիկայում իրենց որոշակի ֆինանասական օգնություն կցուցաբերենք։ Մինչև այս պահը մարզպետարան իրենք չեն դիմել, որևէ աջակցություն մեր կողմից չեն ստացել, բայց համայնքապետարանի կողմից աջակցություն ստացել են», - ասաց Սարգսյանը։
Համայնքապետարանից նախկինում օգնություն ստացել են, հաստատում են ընտանիքում, բայց այս տարվա 10 ամիսներին աջակցություն չի եղել. «վեր կյալիս ա տալիս են, վեր չէ՝ չէ։ Այս տարի դեռ չենք ստացել»։
Տանը քնելու համար հարմարեցված կահույքից բացի, այլ գույք գրեթե չկա: Մեր նկարահանման օրը տան սնունդը հաց ու պանիրն էր: Այս պայմաններում են ապրում 9 երեխաներ: Գեղարքունիքի մարզպետն ասում է՝ Սոցապ նախարարության գործառույթն է երկարաժամկետ լուծում գտնելը։
Սոցապ նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Մեր թե՛ համայնքային սոցիալական ծրագրերը սովորաբար, որոնք համայնքներն են ղեկավարում, եթե չեմ սխալվում, Ծափաթաղը պետք է կա՛մ Ճամբարակի մեջ լինի, կա՛մ Վարդենիսի, և մեր միասնական սոցիալական ծառայությունը զբաղվում է նման ընտանիքներով»։
Արդյոք սոցիալական ծառայությունները հետաքրքրվել են ընտանիքով, Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը տրամաբանում է՝ »այո, որովհետև եթե նրանց նպաստ է նշանակվել, ուրեմն կարիքը գնահատել են»:
Նախարարի դատողություններն ընդհանրական են աղքատության մասին, որ բազմազավակ ընտանիքներում է շատ պատահում: Աղքատության մեջ ապրող ու ողբերգության մեջ հայտնված այս ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն ու աջակցության հասցեական ծրագիր նախարարը չուներ. «Մենք այդ ընտանիքի կամ որևէ ընտանիքի մաս չենք կարող կազմել, որ իրենց ամենօրյա հոգսերով ու ընդհանրապես որևէ ընտանիքի....»։