Մատչելիության հղումներ

Քարկոփի հետիոտնային կամուրջը փորձում են վերականգնել, գյուղում գույքագրումն էլ գրեթե ավարտված է. նախարար


Հետիոտնային կամուրջը փլուզումից հետո, Քարկոփ գյուղ, Լոռի, 11-ը հունիսի, 2024թ․
Հետիոտնային կամուրջը փլուզումից հետո, Քարկոփ գյուղ, Լոռի, 11-ը հունիսի, 2024թ․

Քարկոփի ժամանակավոր կամրջակն ավելի կարճ կյանք ունեցավ, քան նախատեսված էր։ Անցած գիշեր հորդառատ անձրևից գետը վարարել ու քշել, տարել է ընդամենը 5 օր առաջ տեղադրված հետիոտնային կամուրջը։ Մետաղյա էր, երկու շաբաթ առաջ ջրհեղեղի հետևանքով փլուզված կամրջի փոխարեն էին տեղադրել, որ ժամանակավոր կապ լինի հեղեղված Քարկոփ գյուղի հետ մինչև հիմնական ճանապարհ կառուցելը։

«Սա ժամանակավոր լուծում էր, որ գոնե հետիոտնային անցում լինի, երկաթյա կոնստրուկցիա էր», - «Ազատության»-ն ասաց Ալավերդիի ավագանու անդամ Արեն Դալլաքյանը։

Այսօր Քարկոփ եկած տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն «Ազատության»-ն ասաց՝ հետիոտնային կամրջակը ցածր էին կառուցել՝ գետից մեկ-մեկուկես մետր էր վերև։ Կվերանայեն, որ հնարավոր վարարումների ժամանակ նոր խնդիրների առաջ չկանգնեն։

«Փորձում ենք հենց իրեն նախ ջրից դուրս բերել, տեսնել՝ եթե հնարավոր է, վերանորոգել, նորից տեղադրել, բայց ավելի բարձր։ Բարձր չէինք տեղադրել, որպեսզի հարմարավետ լիներ շարժվելու համար։ Երեկ ջուրը բարձրացավ, քանդվեց, հիմա մասնագետներն աշխատանք են տանում», - ասաց նախարարը։

Կամրջակի հետ վարարած գետը նոր անցկացված ջրագիծն էլ է քշել։ Ընդամենը երկու օր էր, որ ամբողջովին տարհանված Քարկոփում ջուր էր անցկացվել։ Այսօր դարձյալ կես տոննայանոց ցիստեռնով հարևան գյուղից ջուր էին բերել հեղեղված տները մաքրելու եկած բնակիչների համար։

Օրվա երկրորդ կեսին ջուրը գյուղ հասցվեց, հոսանքն ու գազն էլ կա, բայց կոյուղին դեռ չկա, տիղմից հազիվ ազատված տներն էլ դեռ ապրելու ենթակա չեն։

Այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ էր աղետի գոտի եկել։ Բնակիչներին հանդիպեց, որ եկել, տնից փրկված վերջին իրերն էին հավաքում՝ հարևան գյուղ՝ վարձով տուն տեղափոխվելու։ Դեռ Քարկոփում ապրել չի լինի, վերադառնալ չենք կարող, ասաց բնակիչներից Սեյրան Խուդինյանը։

Մոտ 300 բնակիչ ունեցող Քարկոփում ջրհեղեղից վնասված 43 առանձնատուն ու բնակարան են հաշվառել։ Քարկոփի վարչական ղեկավարն ասաց՝ այսօր սեփականության վկայականներն էին պահանջել, տվյալներն էին գրանցում՝ ում տունը որքան քառակուսի մետր տարածք ունի։ Մակերեսները հաշվարկեն, ըստ դրա փոխհատուցում կլինի։ Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր աղետի գոտիում ասել, որ յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով կհատուցեն։

Այսօր նախարար Գնել Սանոսյանը դեռ թվեր չհրապարակեց՝ որքան կփոխհատուցեն յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար, բայց ասաց՝ արդեն գույքագրումը գրեթե վերջացրել են, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն էլ նախնական պատկերացումներ ունեն վնասի փոխհատուցման մեխանիզմների մասին։ Առաջիկա օրերին կհրապարակեն։

«Առաջիկա օրերին որոշակի որոշման կգանք, դեռ որոշումը կայացված չէ, բայց որոշակի տեղաշարժ, քննարկում ունի, նախնական պատկերացումներ կան», - ընդգծեց Գնել Սանոսյանը։

Մինչև տների վնասի դիմաց փոխհատուցումը մարդիկ այլ գյուղերում տների վարձակալության համար գումարներ են ակնկալում պետությունից։ Այսօր նման խոստումներ ստացան պաշտոնյաներից՝ վարձակալեք, գումար կտանք։

Քարկոփի ելումուտը դեպի Մ6 միջպետական մայրուղի դարձյալ մնաց 5 կմ հեռու՝ Ախթալայի կամուրջը, որ նույնպես փլուզվել էր մայիսի վերջին տեղի ունեցած ջրհեղեղից։ Սա էլ ժամանակավոր մետաղյա կամուրջ է միայն մարդատար մեքենաների համար։ Առաջիկա օրերին նույնպես Լոռիում անձրևներ են սպասվում։ Բնակիչները ո՛չ երեկվա, ո՛չ էլ առաջիկա օրերի համար պաշտոնական զգուշացումներ չեն ստացել հնարավոր հեղեղումների մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG