Մատչելիության հղումներ

«Իրավիճակը կառավարելի է». համաճարակաբաններն ու միջատաբաններն այսօր Ալավերդու հեղեղված թաղամասերում էին


Համաճարակաբաններն ու միջատաբաններն այսօր Ալավերդու հեղեղված թաղամասերում թակարդներ էին տեղադրում, իրավիճակ ստուգում։

Մինչ միջատաբանների սարքերը մասնագիտական եզրակացություն կտան 5 օր անց, այսօր աղետի գոտի եկած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ ստուգել են ջուրն էլ, համաճարակային վիճակն էլ, դեռ անհանգստացնող բան չկա։

«Այս պահին անհանգստացնող բան չունենք, իրավիճակը կառավարելի է, պիտի շարունակենք աշխատանքները բոլոր տեղերում մաքրման աշխատանքներից հետո ևս այցեր կլինեն՝ հասկանալու համար, համաճարակային իրավիճակը գնահատելու», - ասաց նախարարը:

Ջրհեղեղից 9 օր անց տները տիղմից ահագին ազատվել են, բայց առաջին հարկի արդեն դատարկ բնակարանների պատերին խխունջներ են տեղավորվել։ Խոնավությունից է, ասում են բնակիչները։ Անգամ երկրորդ հարկի ապրողները շենքի խոնավության հոտին չեն դիմանում, գնացել են։

Սանահին կայարանցի Գոհար Բաղդասարյանը հյուրանոցներում տեղավորված 44 տուժածներից մեկն է։ Առողջապահության ոլորտի պաշտոնյաներին տեսել՝ խնդիրներն էր բարձրաձայնում՝ առնվազն մեկ տարի իր տուն մտնելու հնար չեն ունենա, որդին սուր ալերգիկ հիվանդություն ունի, 7 տարի առաջ Ռուսաստանից Սանահին կայարան էին տեղափոխվել՝ հանուն մաքուր օդի ու շքեղ բնության։

Հյուրանոցում հագուստի կարիք ունենալու մասին կնոջ պնդումները զարմացրին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին։ Մշտապես պնդել են, որ աղետից տուժածները, այն էլ հեղեղված տների բնակիչները, սննդի, հագուստի ու տնտեսական ապրանքների կարիք չունեն։

Այսօր մասնագետներ էին եկել նաև հեղեղված թաղամասի կոյուղու հարցը լուծելու համար։ Նոր կոյուղագիծ են անցկացնելու, հինը վերականգնել չի լինի։

Թաղամասում գույքագրողներն ասում են՝ գործը 90 տոկոսով ավարտել են։ Տվյալները վերևներ կուղարկեն, որ հաշվարկ անեն՝ փոխհատուցում տալու մասին որոշում ընդունեն։

Սանահին կայարանի՝ գետից այն կողմ մնացած հատվածի հետ կապը դեռ միայն փրկարարական պարաններով է։ Այսօր արդեն այստեղ կախովի կամուրջ էին կառուցում։ Մետաղական ճոպաններն անցկացրին, Լոռու մարզպետն ասաց՝ վաղը պատրաստ կլինի։

XS
SM
MD
LG