Մատչելիության հղումներ

Պուտինի Ադրբեջան այցն ազդարարում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման մասին


Ադրբեջանի նախագահը և նրա տիկինը հյուրընկալում են Ռուսաստանի նախագահին, Բաքու, 19-ը օգոստոսի, 2024թ.
Ադրբեջանի նախագահը և նրա տիկինը հյուրընկալում են Ռուսաստանի նախագահին, Բաքու, 19-ը օգոստոսի, 2024թ.

Չնայած այս շաբաթ Ռուսաստանի նախագահին ջերմորեն դիմավորեցին Բաքվում, նրա այցը ցույց տվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հյուրընկալության սահմանները: Բաքվի կայացած բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը կարող է լինել լավագույնը, որին Վլադիմիր Պուտինը կարող է հասնել այս օրերին:

Ադրբեջանը ջերմ ընդունելություն ցուցաբերեց Վլադիմիր Պուտինին։ Բայց ժպիտների հետևում Բաքուն ավելի ու ավելի է նախաձեռնությունը վերցնում իր ձեռքը իր հզոր հարևանի հետ հարաբերություններում։

Վլադիմիր Պուտինն Ադրբեջանը տարածաշրջանում «օազիս» անվանեց. արտահայտությունը տեղին էր

Վեց տարվա մեջ իր առաջին այցն Ադրբեջան կատարելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացավ, թե ինչպես է զարգացել մայրաքաղաք Բաքուն։ «Դա օազիս է, ես կասեի՝ տարածաշրջանում», - ասաց նա օգոստոսի 19-ին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Դա տեղին արտահայտություն էր։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանն իսկապես դարձավ Ռուսաստանի ղեկավարի համար ամենահյուրընկալ վայրը Հարավկովկասյան փոթորկոտ տարածաշրջանում: Հայաստանն արագորեն շրջվում է իր երբեմնի ռուս դաշնակցի դեմ, մինչդեռ Վրաստանը, չնայած սեփական ներկայիս ճգնաժամին Արևմուտքի հետ, Պուտինի համար խորապես անբարյացակամ տարածք է մնում։

Մինչդեռ տանը Պուտինը գործ ունի Կուրսկի շրջան ուկրաինական ռազմական ներխուժման անսպասելի գլխացավանքի հետ, որը ռուս զինվորականները չկարողացան ետ մղել:

Բաքվում ժպտերես Ալիևը ողջագուրվելով դիմավորեց Պուտինին իր նստավայրում, իսկ առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նրան համբուրեց։ Պուտինը հիացավ «ընտանեկան մթնոլորտով», որում իրեն ընդունեցին։

Բայց Ալիևի հյուրընկալությունը սահմաններ ունի, և Բաքուն խաղում է բազմակողմանի խաղը՝ որպես իր կայացած բազմավեկտոր արտաքին քաղաքականության մի մաս: Թեպետ 2024 թվականին Կովկասում դա կարող է լինել լավագույնը, որ Պուտինը կարող է ստանալ:

Ժպիտների և գրկախառնությունների հետևում Ադրբեջանը ձգտում է Ռուսաստանին դուրս թողնել տարածաշրջանային քաղաքականությունից, որում մինչև վերջերս Մոսկվան խորապես ներգրավված էր:

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ միասին, առանցքային դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերում: Սակայն Ադրբեջանը, գտնելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը դարձել է արտաքին ուժերի համար տարածաշրջանում իրենց ազդեցությունը գործադրելու միջոց, վերջին ամիսներին կարողացել է դուրս մղել Ռուսաստանին և մյուս արտաքին ուժերին այս գործընթացից և աշխատել Հայաստանի հետ մեն-մենակ խաղաղության պայմանագրի վրա:

Ռուսաստանի համար մեկ այլ անհաջողություն կա․ Ադրբեջանը վերջերս նաև հայտարարեց, որ պայմանագրի շուրջ բանակցություններից հանում է վիճելի հարցը, այն է՝ տրանսպորտային կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի էքսկլավի միջև հարավային Հայաստանով, որը ադրբեջանական խոսույթում հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»:

Թեև այդ երթուղին կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի համար, այն նաև շանս է Ռուսաստանի համար՝ նոր դիրք գրավելու տարածաշրջանում. Հայաստանն ու Ադրբեջանը ի սկզբանե պայմանավորվել էին, որ երթուղին վերահսկելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, և Մոսկվան դեռ հույսեր է փայփայում, որ նման դրույթ կամրագրվի վերջնական համաձայնագրի մեջ։ Այդ համատեքստում խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի մեկնաբանությունները Բաքվում մի փոքր հայցական էին հնչում։

«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես բազմիցս խոսել ենք Ձեզ հետ, ապաշրջափակենք լոգիստիկ և տնտեսության համապատասխան ուղղությունները, շատ ուրախ կլինենք դրա համար», - ասաց Պուտինը:

Այլ, առավել բարդ խնդիրներն անգամ չհիշատակվեցին։

Մայիսին ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Մոսկվան հույս ունի հյուպատոսություն բացել Ղարաբաղում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության հիմքում ընկած տարածաշրջանում: Ադրբեջանն այժմ լիովին վերահսկում է այս տարածաշրջանը 2023 թվականի սեպտեմբերի հարձակումից հետո, որի հետևանքով տեղի ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, փախստական դարձավ։ Սակայն Ռուսաստանի ապագա հյուպատոսության մասին լուրը տագնապ առաջացրեց ադրբեջանցիների շրջանում, ովքեր դրանում տեսան Կրեմլի թաքնված օրակարգ՝ վերահաստատելու ռուսական, իսկ հնարավոր է նաև՝ հայկական, ազդեցությունը այս տարածաշրջանում:

Պուտինի այցից առաջ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հարցազրույց է վերցրել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուից և հարցրել նրան դրա վերաբերյալ։

Բյուլբյուլօղլուն մեղմորեն ազդարարեց այդ գաղափարին Ադրբեջանի դիմադրությունը՝ անորոշ նշելով, որ Ադրբեջանում «հյուպատոսությունների աշխատանքի դաշտը սահմանափակ է»։

ՏԱՍՍ-ի հարցազրույցից հետո Բյուլբյուլօղլուն զրուցել է ադրբեջանական կառավարությանը կից գործող Haqqin կայքէջի հետ և հապճեպ հրապարակել ուղղում, որը կրկին նրբանկատորեն ազդարարեց Բաքվի դիմադրությունը. - «Ես չեմ ասել, որ ռուսական հյուպատոսություն կարող է հայտնվել Ղարաբաղում։ Ես ասել եմ, որ հարցը քննարկման փուլում է»։

Ալիևն ու Պուտինն իրենց հրապարակային ելույթներում չեն հիշատակել հյուպատոսության վերաբերյալ հարցը։

Միևնույն ժամանակ, երբ երկու առաջնորդները հանդիպում էին Բաքվում, քաղաքի մեկ այլ հատվածում, բանտում նստած էր Պուտինի երբեմնի խորհրդական Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի կողմից աջակցվող չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին մի քանի պաշտոնյաներից մեկը։ Նրանք ձերբակալվեցին, երբ Ադրբեջանը վերագրավեց այդ տարածաշրջանը անցյալ տարի։

Պուտինի այցից առաջ Ռուսաստանի Հայերի միությունը նրան կոչ էր հղել՝ խնդրելով բարձրացնել ղարաբաղցի գերիների հարցը։ Այդ հարցը նույնպես չհիշատակվեց։

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ավելի հեշտ է եղել ընդհանուր լեզու գտնելը։ Երբ Ալիևն ապրիլին այցելեց Մոսկվա, ուշադրությունը կենտրոնացած էր Ռուսաստանին Ադրբեջանի տարածքով Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող տրանսպորտային ցանցի ընդլայնման վրա։ Նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, որը փորձում է իր առևտրային կապերը վերաուղղորդել դեպի արևելք և հարավ այն բանից հետո, երբ Արևմուտքի հետ հարաբերությունները փլուզվեցին 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո:

Մինչ Ադրբեջանը նույնպես կշահի առևտրի ընդլայնումից, Բաքվում երկու առաջնորդների միջև այս թեմայի շուրջ տեղի ունեցած մտքերի կարճ փոխանակման ժամանակ Ռուսաստանն ավելի շահագրգիռ կողմի տեսք ուներ: Երկու երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում է «4 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, ինչը լավ թիվ է», - ասաց Ալիևը:
«Սակայն դա չի համապատասխանում մեր կարողությունների ներուժին»,- հավելեց Պուտինը։

Երբ օգոստոսի 19-ի հանդիպումներն ավարտվեցին, կողմերը հայտարարեցին, որ համաձայնագրեր են ստորագրել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին են պարենային անվտանգությունը և աշխատանքի տեսչությունը: Բաքվում կբացվի ռուս-ադրբեջանական նոր համալսարան, և երկու երկրները կսկսեն նավթատարների համատեղ արտադրությունը։

Որոշ ադրբեջանցիների համար այցի նման համեստ արդյունքները բացահատեցին, թե ինչ կարող էր լինել այցի իրական նպատակը։ Դա Պուտինի համար հնարավորություն էր ցույց տալու, որ ինքը դաշնակիցներ ունի՝ այն դեպքում, երբ նա իրականում միջազգայնորեն մեկուսացված է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG