Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ը հակադարձում է Լավրովին, ռուս գործընկերներին կոչ անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության ջանքերը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի մեղադրանքներին՝ պաշտոնական Երևանը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը: Սրանով Երևանն, ըստ էության, նաև մերժում է նախագահ Պուտինի՝ մեկ օր առաջ Բաքվում հնչեցրած առաջարկը՝ աջակցել կողմերին խաղաղության գործընթացում:

«Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:

Սերգեյ Լավրովը երեկ պնդել էր՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում:

«Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել է Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հայաստանի արտգործնախարարությունից հակադարձում են՝ Ռուսաստանի արտգործնախարարը «քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:

Ճանապարհների բացման հարցն, ըստ Մոսկվայի, պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների համաձայն: Սա երեկ Բաքվում նախ շեշտեց Ռուսաստանի նախագահ Պուտինը, հետո նաև՝ արտգործնախարար Լավրովը:

Տարածաշրջանային կապուղիների բացման հարցում Մոսկվան անգամ Արցախի հայաթափումից հետո է շարունակում հիշատակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրանից բխող համաձայնությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ձեռք են բերել 2021-ի հունվարին և նոյեմբերին, ևս մեկն էլ արդեն՝ 2022-ի հոկտեմբերին:

Հենց այդ շրջանում էլ ձևավորվել էր ճանապարհների ապաշրջափակման հարցով աշխատանքային խումբ, համաձայնության հասնելու համար բանակցում էին երեք երկրների փոխվարչապետերը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Պայմանավորվածությունները, որոնց Մոսկվան այժմ հղում է անում, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը համարում է ժամանակավրեպ:

«Ռուսաստանի հայտարարությունները այն մասին, որ Հայաստանը ինչ-որ պայմանավորվածություններ ունի ստանձնած և պիտի կատարի այս հարցով, իհարկե, արդեն արդիական չէ: Անիմաստ է խոսել հայտարարության միայն մեկ կետի կատարման մասին, երբ մյուս բոլոր կետերը չեն կատարվում կամ ընդհանրապես գոյություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահը՝ հավելելով. - «Այսպիսի հայտարարության պատճառը նաև, իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն է»:

Իրավիճակը, սակայն, փոխվեց Լաչինի միջանցքի շրջափակումից, իսկ առավել հստակ՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունից հետո, երբ Հայաստանի կառավարությունը ներկայացրեց ճանապարհների ապաշրջափակման սեփական ծրագիրը՝ այն անվանելով «Խաղաղության խաչմերուկ»:

«Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի», - ասված է ԱԳՆ խոսնակի Անի Բադալյանի այսօրվա հայտարարությունում: - «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը»:

Ենթակառուցվածքների ապաշրջափակման Երևանի ծրագրին մինչ օրս Բաքուն չի արձագանքել, փոխարենը առաջ է մղել միջանցքի օրակարգը՝ պահանջելով անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան:

Շարունակող այս անհամաձայնությունների ֆոնին մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայից հայաստանցիները տեղեկացան՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ հարցը հանել են խաղաղության պայմանագրի փաստաթղթից:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Մոսկվայից ինչ էլ հայտարարեն, հարցն առնվազն այս փուլում մղվել է երկրորդ պլան:

«Հայաստանը դժվար թե ինչ-որ պարզեցված ռեժիմով անցում տրամադրի Ադրբեջանին մոտ ապագայում, Ադրբեջանն էլ դժվար թե համաձայնի գնալ ապաշրջափակման այլ հատվածներում: Կարծում եմ՝ այստեղ վտանգված է լինելու նաև հայ - թուրքական սահմանի բացումը», - ասաց Գրիգորյանը:

Արտաքին գործերի նախարարությունն այսօր նաև վերահաստատեց հավատարմությունը խաղաղության գործընթացին, ընդգծելով՝ իր բաժին աշխատանքը կկատարի այն բարեհաջող իրացնելու համար։

XS
SM
MD
LG