Մատչելիության հղումներ

Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել


Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, 13-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, 13-ը մայիսի, 2024թ․

Վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարված 151 քաղաքացիներն ազատ են արձակվել, «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։

«Ազատության» դիտարկմանը, թե ահազանգեր կան ոստիկանների կողմից բերման ենթարկվածների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու վերաբերյալ, ոստիկանությունից արձագանքեցին, թե ՆԳՆ մշտադիտարկման ներքո են վերջին շրջանում հանրապետությունում մեկնարկած ակցիաները և որ այսօր տեղի ունեցած երկու դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվորեն գնահատելու նպատակով նշանակվել են ծառայողական քննություններ։

Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում, փողոցներ են փակվում։

Երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առավոտյան ժամը 08։00-ից տոտալ փորձելու են դասադուլներ, գործադուլներ անել, պարալիզացնել ամբողջ քաղաքը և Հայաստանի Հանրապետության մյուս մարզերը՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին։

Սրբազանը նաև հայտարարեց, որ փաստացի բարոյապես և քաղաքականապես չլինելով ժողովրդի իշխանություն՝ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա։ Նրան մեղադրեց ստախոսության, կեղծ թեզեր կիրառելու, հայ եկեղեցու դեմ հալածանքի, ատելության մշակույթի տարածման, պատերազմի սպառնալիք բերելու, բանակի ստորացման համար։

Խոսելով իրենց մյուս պահանջի մասին՝ Բագրատ Գալստանյանն ասաց, որ այս շարժումը դեմ չէ սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն գտնում է՝ այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ապա սահմանագծմամբ ու սահմանազատմամբ՝ ըստ Հայաստանի օրենքների, միջազգային պայմանագրերի՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, թե սահմանազատման կասեցման պահանջ ներկայացնողները պատերազմ են հրահրում Հայաստանի դեմ և սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG