ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքները և արևելյան սահմաններից ռազմական դաշինքի ուժերի դուրսբերումը, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ռուսական մի քանի աղբյուրների, այդ թվում՝ Պուտինի հետ այս հարցը քննարկած։
«Նա ցանկանում է փոխել միջազգային կարգի կանոնները, որպեսզի Ռուսաստանի համար սպառնալիքներ չլինեն: Նա շատ է մտահոգված, թե ինչպիսին կլինի աշխարհը պատերազմից հետո: Թրամփն իր հերթին ցանկանում է սահմանափակել ՆԱՏՕ-ի դերը: Աշխարհը փոխվում է, և հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Financial Times-ի աղբյուրը։
Անցած ուրբաթ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ ԱՄՆ նորընտիր նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական և ամերիկյան կողմերն աշխատում են բարձ մակարդակի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։