ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային և «վերջ դնել Պուտինի ագրեսիային», ասել է Ուկրաինայի պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին իր ամանորյա ուղերձում։
«Առաջինը անհնար է առանց երկրորդի, քանի որ սա փողոցային դիմակայություն չէ, որտեղ պետք է հանգստացնել երկու կողմերին», - նշել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, ըստ Ուկրաինայի նախագահի, «իսկապես արդար աշխարհը չի կարող գոյանալ «սկսենք մաքուր թերթից» սկզբունքով։ «Որովհետև հաշիվը 0:0 չէ, հազարավոր ուկրաինացիներ են, որոնց կյանքը գողացել է Ռուսաստանը»,- ասել է նախագահը` դիմելով ուկրաինացի ժողովրդին Ամանորի գիշերը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը դեկտեմբերին NBC-ին տված երկար հարցազրույցում ասել էր, որ «ակտիվորեն աշխատում է» Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։ Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինան, իր պաշտոնը ստանձնելուց հետո, դժվար թե ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանա նույն ծավալով, ինչ ներկայիս Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ էր արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարյուր հազարավոր մարդկանց են կորցրել հակամարտությունում։ Ընտրություններում իր հաղթանակից առաջ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, ինչպես ինքն էր ասել, «24 ժամում» և նույնիսկ հունվարին իր երդմնակալության արարողությունից առաջ, սակայն մանրամասներ չէր ներկայացրել։