Մատչելիության հղումներ

Թրամփը պնդել է՝ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Պուտինի հետ հանդիպման համար


Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։ Թրամփը չի հստակեցրել, թե երբ կարող է կայանալ հանդիպումը։

«Նա ցանկանում է հանդիպել, իսկ մենք պատրաստվում ենք»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը` պատասխանելով լրագրողների հարցերին։ Թրամփը հավելել է, որ Պուտինը հայտարարել է հանդիպելու ցանկության մասին։

«Մենք պետք է վերջ տանք այս պատերազմին: Դա արյունալի խառնաշփոթ է», - ասել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նորընտիր նախագահը չի հրապարակել առաջիկա հանդիպման մանրամասները՝ ասելով, որ «կնախընտրեր սպասել մինչև [հունվարի] 20-ը»՝ իր երդմնակալության օրը։

Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։

ԱՄՆ նորընտիր նախագահը բազմիցս ասել է լրագրողներին, որ «ակտիվորեն աշխատում է» ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։ Ընտրություններում իր հաղթանակից առաջ Թրամփը խոստացել էր դա անել «24 ժամվա ընթացքում» և նույնիսկ հունվարին իր երդմնակալության արարողությունից առաջ, սակայն մանրամասներ չէր հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG