Մատչելիության հղումներ

Պուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական օդանավի կործանման հարցով. Պեսկով


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հայտարարությամբ հանդես գալ ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հարցով: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, [ինքնաթիռի կործանման մասին խոսելու] պլաններ չկան», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների պնդումները, թե Ռուսաստանը պետք է ստանձնի վթարի մեղքը։

Փոխարենը, հավելել է Կրեմլի խոսնակը, Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի հետ շփումների ընթացքում կբարձրացնի Բաքվում «Ռուսաստանի տան» շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։

«Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ Ադրբեջանում ռուսաստանյան կառույցի գործունեության արգելքը որակելով «թյուրիմացություն»:

Պաշտոնական Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ է դարձել, և չի կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։

Երեկ էլ հաղորդվեց, որ Բաքուն պահանջել է դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը Ադրբեջանում:

XS
SM
MD
LG