Ադրբեջանը պահանջում է, որ Ռուսաստանը պատժի ինքնաթիռի միջադեպի մեղավորներին ու փոխհատուցում տրամադրի։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ դեկտեմբերի 27-ին այդ պահանջները պաշտոնապես փոխանցվել են ռուսական կողմին։
Նա նշել է, որ առաջին պահանջն էր, որ Ռուսաստանը ներողություն խնդրի Ադրբեջանից ավիավթարի համար, ինչը արվել է։ Ըստ էության, Ալիևը նկատի ունի ՌԴ ղեկավարի հետ հեռախոսազրույցը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը ներողություն էր խնդրել։
Բացի այդ, Ալիևը պահանջում է պատժել մեղավորներին, փոխհատուցում տալ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։
Նա նաև հայտարարել էր, որ ադրբեջանական քաղաքացիական կործանված ինքնաթիռը վնասվել է դրսից՝ Ռուսաստանում գետնից բացված կրակի հետևանքով և գործնականում կորցրել է կառավարումը։
- Ռուսաստանի նախագահի հետ երեկվա զրույցում Իլհամ Ալիևը նշել էր, որ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության, ուղարկվել է Ակտաու քաղաք։
- Ռուսաստանի նախագահը ներողություն էր խնդրել՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։
- Մեկնաբանելով աղետը՝ Սպիտակ տունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, որոնք վկայում են ռուսական ՀՕՊ-ի կողմից հարվածի հնարավորության մասին։ Օդանավը շահագործող «Ադրբեջանական ավիաուղիներն» էլ պնդել էր, թե ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության» պատճառով: Մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Ադրբեջանական ավիաուղները» հայտարարել են, թե ժամանակավորապես դադարեցնում են թռիչքները ռուսաստանյան քաղաքներ։