Ղազախական Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցում հաստատվում է վարկածը, որը ինքնաթիռը կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվել, սակայն չի նշվում այդ ազդեցության բնույթն ու ծագումը կամ այն, թե ով է պատասխանատու կործանման համար։
53 էջանոց զեկույցը հրապարակել է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը: Նշվում է, որ ինքնաթիռը մի քանի վայրկյան ընդմիջմամբ երկու հարված է ստացել առավոտյան ժամը 5:13-ին, ինչից հետո միացել է ավտոպիլոտի անջատման ազդանշանը, իսկ հիդրավլիկ համակարգերից մեկում ճնշումը և հեղուկի մակարդակն իջել են զրոյի:
«Պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափի և ձևի բազմաթիվ միջանցիկ և ոչ միջանցիկ վնասվածքներ ֆյուզելյաժի հետևի, ուղղահայաց կայունացուցիչի, բարձրության և ուղղության կարգավորիչի հատվածում: Այդպիսի վնասվածքներ են հայտնաբերվել ինքնաթիռի ձախ շարժիչի և ձախ թևի, ինչպես նաև ինքնաթիռի ագրեգատների և բաղադրիչների վրա: Տեղ-տեղ վնասվածքները կանոնավոր ուղղանկյուն տեսք ունեն», - նշված է զեկույցում։
38 մարդու կյանք խլած ավիավթարի վերաբերյալ զեկույցում նաև նշվում է, որ ինքնաթիռում հայտնաբերվել են «մեծ քանակի օտար առարկաներ»:
Հարվածի պահին, ըստ զեկույցի, ինքնաթիռը եղել է Գրոզնիի երկնքում, և օդանավակայանին մոտենալիս՝ անձնակազմը դիսպետչերին հայտնել է GPS համակարգի խափանման մասին և որոշել է վայրէջքի ավելի հին մեթոդ կիրառել, որն օգտագործվում է միայն, երբ ավելի ժամանակակիցները հասանելի չեն: Սակայն ավիադիսպետչերները թույլ չեն տվել:
Փաստաթղթի հեղինակները նաև նշում են, որ համապատասխան ուսումնասիրություններ և փորձաքննություններ են անցկացվելու՝ պարզելու «օտար օբյեկտների» պատճառած վնասի բնույթն ու ծագումը։
Զեկույցում որևէ հիշատակում չկա, որ հայտնաբերված բեկորները կարող են վկայել զենիթահրթիռային համակարգի հարվածի մասին, սակայն Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հարվածը հասցվել է ռուսական «Панцирь-С» հակաօդային պաշտպանության համակարգի զենիթային հրթիռով:
«Ադրբեջանական կողմն ունի «Панцирь-С» հրթիռային համակարգի բեկոր, որը դուրս է հանվել ինքնաթիռից և նույնականացվել է միջազգային փորձաքննության ժամանակ», - հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը:
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը Գրոզնի էր թռչում Բաքվից։ Ինքնաթիռում եղած 67 մարդուց փրկվել հաջողվել էր 29-ին։ Վթարին հաջորդած օրերին նշվում էր, որ Գրոզնիի օդանավակայանը ինքնաթիռին չի կարողացել ընդունել ուկրաինական դրոնների պատճառով: Նույն պատճառով այդ օրերին նույնիսկ Ռուսաստանի մի քանի օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը:
Ադրբեջանի նախագահը վթարից օրեր անց հայտարարել էր, որ Բաքուն ինքնաթիռի խոցումը դիտավորություն չի համարում, սակայն աղետի համար պատասխանատու է Ռուսաստանը: Իլհամ Ալիևը նաև Մոսկվայից պահանջել էր ընդունել մեղքը, պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել տուժած ուղևորներին և անձնակազմի անդամներին:
«Փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով», - ասել է Ալիևը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար, սակայն ռուսական կողմը պաշտոնապես չի ստանձնել պատասխանատվությունը:
Հրապարակված զեկույցը Մոսկվան հրաժարվել է մեկնաբանել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ սա նախնական զեկույց է, որը համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն, ապա կոչ է արել սպասել հետաքննության վերջնական արդյունքներին: