Ֆլորիդայում կայացել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը, որի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովին ներկայացրել է Ռուսաստանի նախագահի հետ օրերս Կրեմլում ունեցած հանդիպման արդյունքները: Այլ մանրամասներ Ֆլորիդայի հանդիպումից կողմերը չեն հաղորդում:
Զելենսկի. Կիևը պատրաստ է ցանկացած զարգացման
Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել էր՝ Ուկրաինան պատրաստ է ցանկացած զարգացման, նրա խոսքով. «Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի։ Իհարկե, մենք հնարավորինս կառուցողաբար կաշխատենք մեր բոլոր գործընկերների հետ՝ խաղաղություն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Միայն դա կապահովի իրական անվտանգություն»:
Թեև այս շաբաթ Կրեմլում Պուտինի ու Թրամփի բանագնացի հանդիպումից հետո որևէ համաձայնության մասին չհաղորդվեց, Ռուսաստանի նախագահի օգնականն այսօր ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը առաջընթաց են գրանցում բանակցություններում: Յուրի Ուշակովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել համագործակցությունը, ու թեև Թրամփ-Պուտին հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում արագ կկազմակերպվի:
The Wall Street Journal-ը հայտնում է, որ եվրոպացի առաջնորդները Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից առաջ խոսել են Զելենսկիի հետ և խստորեն խորհուրդ տվել առանց ԱՄՆ-ից անվտանգության ամուր երաշխիքներ ստանալու՝ չհամաձայնել Ռուսաստանի պայմաններին: Ըստ թերթի՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն պետք է հստակ բացատրի, թե ինչպես է պաշտպանելու Ուկրաինային:
Գերմանական «Շպիգել»-ը գրել էր, թե Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույցի ժամանակ թերահավատորեն են խոսել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի մասին: Էմանյուել Մակրոնը հերքել է դա՝ ասելով, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի միասնականությունը կարևոր է Ուկրաինային աջակցելու համար:
«Ու ես դա ասում եմ կրկին ու կրկին՝ մենք պետք է միասին աշխատենք։ Մենք ողջունում և աջակցում ենք խաղաղությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ ԱՄՆ-ին անհրաժեշտ են եվրոպացիները, որոնք կառաջնորդեն խաղաղության այս ջանքերը», - ասել է Մակրոնը:
Պուտինը Հնդկաստանում է
Երեկվանից պետական այցով Հնդկաստանում գտնվող Վլադիմիր Պուտինն իր հերթին համոզմունք է հայտնել, թե ԱՄՆ նախագահն անկեղծորեն ցանկանում է, որ ավարտվի պատերազմն Ուկրաինայում և փորձում է լուծում գտնել: India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նաև քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ ասելով, որ իր նախորդների պես նա առաջնորդվում է ոչ թե երկրի, այլ «արմատական ազգայնակաների փոքր խմբի» շահերով և նախընտրում է պատերազմը՝ իրենց առաջարկներին համաձայնելու փոխարեն:
Արդեն չորս տարի ձգվող պատերազմը սկսած Կրեմլի ղեկավարի պնդմամբ՝ իշխանության գալիս Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, թե հանուն խաղաղության կանի ամեն ինչ, կզոհաբերի նույնիսկ իր կարիերան, սակայն, ըստ նրա, ամեն ինչ իրականում այլ է:
«Այս ռեժիմը նախընտրում է պատերազմել, և լավ չի անում դա։ Բայց … նրանց համար ամենակարևորն այն է, որ հասկանան՝ այս խնդրի լավագույն լուծումը բանակցությունների սեղանի շուրջ համաձայնության գալն է այն ամենի շուրջ, ինչը փորձում էինք ապահովել 2022-ին», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կրեմլի խոսնակն իր հերթին ասել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև Ուկրաինան համաձայնի խաղաղության՝ Մոսկվայի պայմաններին:
Այս ֆոնին Եվրոպան քննարկում է ռուսական սառեցված ակտիվների հարցը, որոնց հաշվին մտադիր են Ուկրաինային վարկ տրամադրել: Բելգիան, որտեղ պահվում է դրանց մեծ մասը, դեմ է և պահանջում է, որ ռիսկերը հավասար բաշխվեն:
Ըստ բրիտանական Times-ի՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային օգնելու համար 8 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվներ ապասառեցնել։
Bloomberg-ը, դիվանագիտական աղբյուրին հղումով, հայտնում է, որ ԱՄՆ-ն փորձել է եվրոպական մի քանի երկրի համոզել, որ չաջակցեն Ուկրաինային օգնելու նպատակով այդ ակտիվներն օգտագործելու ԵՄ նախագծին, քանզի դա, ըստ Վաշինգտոնի, բացասաբար կազդի բանակցությունների վրա:
Գերմանիայի կանցլերը մերժել է ամերիկյան առաջարկը, ըստ որի՝ այդ ակտիվները պետք է տրամադրվեն ԱՄՆ-ին, որն էլ դրանք վերահասցեագրի Ուկրաիային: Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ սա Եվրոպայի խնդիրն է:
«Սա նաև Գերմանիայի կառավարության բանակցային դիրքորոշումն է … այս հարցում Եվրոպայում կոնսենսուս կա, որևէ տարաձայնություն չկա։ Այս գումարը պետք է հոսի Ուկրաինա և օգնի Ուկրաինային», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները
Դնեպրոպետրովսկում ռուսական զինուժի հարվածներից 12-ամյա երեխա է սպանվել: Ռուսական կողմը պնդում է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Սիզրան քաղաքի նավթավերամշակման օբյեկտին, Կրասնոդարի Թեմրյուկ քաղաքի նավահանգստին, նաև Բելգորոդին, որտեղ ութ մարդ է տուժել:
Ուկրաինական անօդաչուն հարվածել է Չեչնիայի մայրաքաղաքում գտնվող «Գրոզնի Սիթի» երկնաքերին, որը մոտ 800 մետր է հեռու երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի նստավայրից: