Մատչելիության հղումներ

Բելգիան դժգոհ է ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային տրամադրելու պլաններից, Ռուսաստանը սպառնում է


ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփ, Էմանյուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց, կոլաժ
ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփ, Էմանյուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց, կոլաժ

Ռուսաստանը սպառնացել է ամենակոշտ կերպով արձագանքել, եթե Եվրամիությունը կյանքի կոչի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային տրամադրելու ծրագիրը։ «Մոսկվան արդեն պատրաստում է իր հնարավոր պատասխանը», - այսօր հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։

«Մեր պետական պահուստների և ակտիվների հետ կապված ցանկացած անօրինական գործողություն անպատասխան չի մնա։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք։ Եվրամիությունում ոչ ոք նույնիսկ չի փորձում թաքցնել այն փաստը, որ նման գործողությունների համար իրավական հիմքեր չկան», - ասել է Մարիա Զախարովան:

Հայտարարությունը հնչում է Եվրահանձնաժողովի երեկվա նիստից հետո, որի ավարտին հայտարարվեց, թե իրավաբանները մինչ օրս երբևէ չկիրառված առաջարկներ են մշակել՝ Եվրոպայում պահվող ռուսական սառեցված ակտիվները որպես վարկ Ուկրաինային տրամադրելու վերաբերյալ։ «Դա կօգնի մեզ ծածկել պատերազմի մեջ գտնվող երկրի հիմնական կարիքները եկող երկու՝ 2026-27 թվականներին», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք գիտենք, որ երբեք չենք կարող համեմատվել ուկրաինացի ժողովրդի զոհողությունների ու դիմադրողականության հետ, բայց դրա փոխարեն մենք կարող ենք նրանց զինել՝ պաշտպանվելու և ուժի դիրքերից խաղաղության բանակցություններ վարելու համար։ Եվ քանի որ ճնշումը միակ լեզուն է, որին Կրեմլն արձագանքում է, մենք պետք է մեծացնենք պատերազմի արժեքը Պուտինի համար։ Եվ այսօրվա առաջարկը մեզ դա անելու հնարավորություն է տալիս», - պնդել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Առաջարկը, սակայն, որ ներկայացվում է Ուկրաինայի համար վճռորոշ փուլում, կարող է այդպես էլ մնալ թղթի վրա, եթե դաշինքի անդամ երկրների ղեկավարները դրան հավանություն չտան դեկտեմբերի 18-ին կայանալիք նիստում։ Իսկ դրա համար արդեն իսկ կան ակնհայտ նախանշաններ։ Բելգիան, մասնավորապես, որտեղ պահվում է ռուսական շուրջ 140 միլիարդ եվրո ակտիվների մեծ մասը, ոչ միայն փակ դռների ետևում, այլև հրապարակավ է իր դժգոհությունն ու ընդդիմությունը ներկայացնում։ «Տպավորություն է, ասես մեր գործընկերները մեզ չեն լսում և ուզում են մեն-մենակ թողնել հնարավոր ռիսկերի առջև», - երեկ հայտարարեց երկրի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն։

«Անընդունելի է օգտագործել գումարը և մեզ մենակ թողնել ռիսկերի առջև։ Այն, ինչ առաջարկվում է, ակնհայտորեն մեր նախընտրած տարբերակը չէ։ Եթե, այդուամենայնիվ, անդամ պետությունները ցանկանան գնալ այդ ուղղությամբ, մենք պահանջում ենք, որ նրանք երաշխիքներ տան դրա հետևանքով Բելգիային սպառնացող ռիսկերին դիմակայելու մասին։ Սա անհիմն պահանջ չէ։ Սա զուտ արդարություն է», - նշել է Բելգիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Ընդ որում, ինչպես պնդում է Politico-ի հետաքննությունը, Բելգիայի այս դժգոհությունը նոր չէ, ավելին՝ դրա պատճառով գործարքի կնքումը մեկ անգամ արդեն տապալվել է։ Անցած հոկտեմբերին, գրում է հանդեսը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, երբ Եվրամիության առաջնորդները ժամանել են Բրյուսել, այս հարցը կրկին եղել է սեղանին։ Բոլորն այնքան վստահ են եղել, որ այն կընդունվի, որ արդեն սկսել են քննարկել ու անգամ վիճել, թե որն է այդ գումարը ծախսելու լավագույն տարբերակը։ Ֆրանսիան, մասնավորապես, պնդել է, որ Ուկրաինան դրանով Եվրոպայում արտադրված զենք գնի, Ֆինլանդիան ու մյուսները, մինչդեռ, պնդել են, թե Զելենսկուն պետք է ազատություն տալ, որ գնի այնտեղից ու այն, ինչ նպատակահարմար կհամարի։ Ժամեր անց, սակայն, առաջնորդները դռնփակ նիստից դուրս են եկել առանց որևէ որոշման։ Պարզվել է, որ համեստ 12 միլիոն բնակչություն ունեցող Բելգիան տապալել է այդ ծրագիրն ամբողջությամբ։ «Դա խելագարություն է», - ըստ Politico-ի ասել է վարչապետ Բարտ դը Վևերը, ով այդ կարծիքը նաև մինչ այդ էր հրապարակել։

«Ռուսաստանի պետական միջոցները, գիտեք, սառեցված են։ Այս միջոցների մեծ մասը սառեցված է Բրյուսելում՝ Euroclear-ում։ Գիտեմ, որ կան կառավարություններ, որոնք կարծում են, որ կարող են բռնագրավել այդ գումարը։ Բայց զգուշացնեմ, որ իրավական տեսանկյունից դա այդքան էլ հեշտ չէ։ Սրանք Ռուսաստանի կենտրոնական բանկի միջոցներն են։ Կենտրոնական բանկի միջոցներն անձեռնմխելի են, այդ թվում՝ իրավական առումով։ Եվ եթե դուք աշխարհին ազդակ ուղարկեք, որ Եվրոպան կարող է քաղաքական որոշումներ կայացնել պետական միջոցները բռնագրավելու համար, ապա դա անշուշտ հետևանքներ կունենա», - հայտարարել էր դը Վևերը:

Բեգիայի վարչապետը մանրամասնել էր՝ ինքը սեփական երկրի բյուջեն հաստատելու, 10 միլիարդ եվրո գտնելու համար համար ստիպված էր վեց շաբաթ շարունակ բանակցություններ վարել։ Հիմա ինչպե՞ս կարող է Բելգիան Ռուսաստանին վճարել այդ գումարի տասնապատիկից ավելին, ասել է նա:

Գերմանիայից ու Ֆրանսիայից արձագանքել էին, թե պատրաստ են փարատել այդ մտահոգությունները: Փարիզի ու Բեռլինի ցանկությունը հասկանալի է, փաստում է Politico-ն, մանրամասնելով՝ եթե Ուկրաինային առաջիկա տարիներին տրամադրվող եվրոպական օգնությունը չլինի ռուսական սառեցված ակտիվների հաշվին, կնշանակի, որ բեռը պետք է ծանրանա տնտեսապես առաջատար Ֆրանսիայի ու Գերմանիայի վրա, որոնք առանց այդ էլ կանգնած են խնդիրների առաջ։

Բայց որ ամենահետաքրքիրն է՝ պարզվում է, որ ռուսական ակտիվների հարցում պլաններ ունեն ոչ միայն Եվրամիության, այլև օվկիանոսից այն կողմ՝ նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները։ Ամսագրի մոտ երկու տասնյակ դիվանագիտական աղբյուրները, մասնավորապես, հայտնել են, որ ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ ամերիկյան նախնական 28- կետանոց ծրագրի դրույթներից մեկն առաջարկում էր ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինայի համատեղ վերակառուցման ջանքերի համար՝ շահույթի 50 տոկոսը տրամադրելով Միացյալ Նահանգներին։ Սա կարդալուց հետո, ըստ Politico-ի, եվրոպացի դիվանագետներից մեկն ասել է, թե Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պետք է այցելի «հոգեբույժի»:

Բելգիայից բացի, լուրջ խոչընդոտ կարող է առաջ բերել նաև Հունգարիան․փաստացի, Ռուսաստանի ակտիվները սառեցված են միայն այն պատճառով, որ Եվրամիության բոլոր առաջնորդները, այդ թվում՝ Պուտինի ընկեր Վիկտոր Օրբանը, համաձայնել են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երկարաձգել Մոսկվայի դեմ պատժամիջոցները: Եթե Օրբանը փոխի իր միտքը և վետո կիրառի, Ռուսաստանը կարող է ազատորեն պահանջել իր ակտիվները, ինչն էլ դժվարությունների մեջ կդնի Բելգիային։

Այս պայմաններում է, որ Եվրամիության առաջնորդները երկու շաբաթից կհավաքվեն գագաթնաժողովի՝ հավաք, որ պատասխան կտա տարիներ ի վեր բարձրացվող հարցին՝ կարո՞ղ է 27 բազմազան, բարդ երկրների միությունը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ներքին պայքարը, քաղաքական մրցակցությունը և հավակնոտ առաջնորդները, միավորվել այն պահին, երբ դա իսկապես կարևոր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG