Մատչելիության հղումներ

Պուտին. Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Դոնբասը


Վլադիմիր Պուտին, Սթիվ Ուիթքոֆ, Ջարեդ Քուշներ, կոլաժ
Վլադիմիր Պուտին, Սթիվ Ուիթքոֆ, Ջարեդ Քուշներ, կոլաժ

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց երկու օր անց կրկին սպառնացել է՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, այսինքն՝ ամբողջ Դոնբասը: Ռուսաստանի նախագահն ընդգծել Է՝ ուկրաինական զորքը ստիպված կլինի դուրս գալ այդ տարածքներից:

«Ամեն ինչ հանգում է դրան։ Կա՛մ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կա՛մ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները և դադարեցնում այնտեղ կռվելը», - ասել է Պուտինը:

Հնդկաստան կատարելիք այցից առաջ India Today-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է Կրեմլի հանդիպման մասին՝ այն «շատ օգտակար» անվանելով: Կրեմլի ղեկավարն ասել է, որ հանդիպմանն անցել են ամերիկյան բոլոր՝ 27 առաջարկների վրայով, որոնք ներկայացված էին չորս փաթեթով: Դրանք, ըստ նրա, հիմնված էին Ալյասկայի պայմանավորվածությունների վրա, և որոշ հարցերի Մոսկվան համաձայնել է: ՌԴ նախագահը նաև ասել է, որ խնդրի կարգավորումը բարդ է, իսկ Եվրոպան պետք է նպաստի գործընթացին, ոչ թե խոչընդոտի:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, հայտարարել է, որ եթե Եվրամիությունն Ուկրաինային «վարկ տրամադրելու քողի տակ գողանա» ռուսական սառեցված ակտիվները, ապա Մոսկվան դա կարող է պատերազմ հրահրելու գործողություն համարել՝ ԵՄ-ի և առանձին երկրների համար դրանից բխող հետևանքներով։

Ու մինչ Մոսկվան կրկին սպառնում է, Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Ուիթքոֆի հետ, որը նրան կներկայացնի Պուտինի հետ դեկտեմբերի 2-ի հանդիպման արդյունքները: Երեկ էլ ուկրաինական պատվիրակության ղեկավարը խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ասել է, որ Ումերովը հեռախոսազրույց է ունեցել Ուիթքոֆի հետ, սակայն քանզի սա նուրբ հարց է անվտանգության նկատառումներով, որոշվել է մանրամասները քննարկել դեմ առ դեմ:

«Նրանց գնահատմամբ՝ Մոսկվայի բանակցությունները դրական նշանակություն ունեն խաղաղության գործընթացի համար ... Եվ նրանք ուկրաինական պատվիրակությանը հրավիրեցին առաջիկայում բանակցությունները շարունակել ԱՄՆ-ում», - նշել է Սիբիգան:

Չնայած Կրեմլի հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ փոխզիջումային լուծում դեռ չկա, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Ուիթքոֆի ու Քուշների հանդիպումը «բավականին լավ» է անցել: ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե այդ հանդիպումից տպավորություն է ստեղծվել, որ ռուսական կողմը «շատ» է ցանկանում համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում, և հավելել է, որ ամեն դեպքում պարզ չէ, թե ինչ կլինի:

«Նախագահ Պուտինը շատ լավ հանդիպում է ունեցել Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչ դուրս կգա այդ հանդիպումից, չեմ կարող ասել, որովհետև համագործակցելու համար երկու կողմ է հարկավոր», - նշել է Թրամփը:

Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշնակիցների մեծ մասը՝ երկու երրորդը, պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայի համար զենքի գնումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ երկու երկիր պլանավորում է քննարկել այս հարցը, ևս երկուսը՝ Ավստրալիան և Նոր Զելանդիան, խոստացել են միանալ այդ երկրներին: Ռյուտեի խոսքով՝ դաշնակիցները պլանավորում են մինչև տարեվերջ մոտ 5 միլիարդ դոլարի զենքի մատակարարում ֆինանսավորել:

«Սակայն մենք պետք է ավելին անենք, և բոլոր դաշնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան՝ ապահովելու, որ պատրաստ լինենք։ Նաև պատասխանատվությունը պետք է արդարացիորեն բաշխվի», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները: Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է վեց մարդ, վնասվել է էլեկտրակայան։ Դոնեցկի մարզի Սլավյանսկ (Սլովյանսկ) քաղաքում առնվազն ութ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է ռուսաստանյան մի շարք շրջանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG