Մատչելիության հղումներ

Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա Անքորիջի ռազմաբազայում, մինչ այդ ԵՄ մի քանի երկիր է հանդիպել Թրամփի հետ


Գերմանիայի նախաձեռնությամբ այսօր Ուկրաինայի, եվրոպական մի քանի երկրների առաջնորդներն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռավար հանդիպում են անցկացրել ԱՄՆ նախագահի հետ: Նրանք կներկայացնեն վտանգները, որ կարող են առաջանալ, եթե Ալյասկայում այս ուրբաթ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հանդիպմանը հանուն հրադադարի անտեսվեն Կիևի շահերը:

Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մանրամասներ է հայտնել: Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը ցանկանում է հրադադարի շուրջ համաձայնության գալ: Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է մասնակցի տարածքների շուրջ ցանկացած բանակցության: Էմանյուել Մակրոնը նաև ասել է, որ տարածքների փոխանակման մասին լուրջ քննարկում չի եղել Թրամփի հետ զրույցում։ Գերմանիայի կանցլերն էլ ասել է, որ կարճ անդրադարձել են նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին:

Ամերիկյան Axios-ը նշում է, որ սա Ուկրաինայի վերջին հնարավորությունն է Ալյասկայի հանդիպումից առաջ՝ իմանալու Թրամփի դիրքորոշումը և ազդելու դրա վրա։ «Այս պահին ոչ ոք չգիտի, թե ինչ է Թրամփն ուզում Պուտինից ստանալ ուրբաթ»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտնել էր, որ Թրամփ-Պուտին բանակցությունները տեղի կունենան Ալյասկայի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում: Հանդիպումը դեմ առ դեմ ձևաչափով է և հնարավորություն՝ լսելու Պուտինի դիրքորոշումը, ասել է Քերոլայն Լևիթը՝ հավելելով, որ այն տեղի է ունենում Պուտինի խնդրանքով:

«Նախագահը համաձայնել է այս հանդիպմանը՝ նախագահ Պուտինի խնդրանքով։ Նախագահի համար այս հանդիպման նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք վերջ դնել այս պատերազմին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Ըստ Reuters-ի՝ բանակցությունները տեղի կունենան Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ նախագահը ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինին, քանի որ հեռախոսազրույցներն արդյունք չէին տալիս։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևն ասել է, որ հանդիպմանը կքննարկվեն կուտակված հարցեր՝ սկսած Ուկրաինայում պատերազմից, վերջացրած ռուս-ամերիկյան հարաբերություններով: Ուկրաինական խնդրի հարցում, սակայն, Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել՝ պետք է վերացվեն հակամարտության առաջացման հիմնապատճառները. «Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման մասին, ապա այն մնում է անփոփոխ, այն հնչեցվել է այս դահլիճում մեկ տարուց մի փոքր ավելի առաջ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հակամարտության կարգավորման շրջանակում ստիպված կլինեն տարածքներ զիջել: Արևմտյան մամուլը տարածքների փոխանակման մի քանի տարբերակի մասին է գրում: Դրանցից մեկով, ըստ Wall Street Journal-ի, Ռուսաստանը պատրաստ է հրադադար հաստատել՝ պայմանով, որ Ուկրաինան կզիջի Դոնեցկի ամբողջ շրջանը, ներառյալ քաղաքները, որոնք այժմ ռուսական հսկողության տակ չեն: Դրա դիմաց Ուկրաիան կարող է վերականգնել Սումիիում և Խարկովում Ռուսաստանի գրաված տարածքների հսկողությունը:


Վլադիմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ կմերժի Դոնբասի արևելյան շրջանից ուկրաինական զորքը դուրս բերելու ցանկացած առաջարկ, քանզի դա Կիևին կզրկի պաշտպանական գծերից և ճանապարհ կբացի ռուսական զորքի հետագա հարձակումների համար: Տարածքների փոխանակումը շատ բարդ հարց է, որը չի կարող տարանջատվել անվտանգության երաշխիքներից, ասել է Զելենսկին, և զգուշացրել՝ Թրամփն ու Պուտինը չեն կարող Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում կայացնել առանց Ուկրաինայի:

«Առանց Ուկրաինայի անհնար է խոսել Ուկրաինայի մասին, և ոչ ոք դա չի ընդունի ... նրանք Ուկրաինայի վերաբերյալ չեն կարող որևէ բան ընդունել առանց մեզ։ Հուսով եմ՝ ԱՄՆ նախագահը հասկանում է սա և հաշվի առնում»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

ԱՄՆ ֆինանսների նախարարն իր հերթին հայտարարել է, որ եթե Թրամփի և Պուտինի հանդիպումն անարդյունք լինի, Վաշինգտոնը կարող է կիրառել պատժամիջոցներ և երկրորդային մաքսատուրքեր։ «Թրամփը Պուտինին հասկացնել կտա, որ բոլոր տարբերակները հնարավոր են»,- ասել է Սքոթ Բեսենթը՝ եվրոպացի առաջնորդներին կոչ անելով ևս պատժամիջոցներ կիրառել նման սցենարի դեպքում:

Sky News-ը, իր աղբյուրներին հղումով, տեղեկացնում է, որ Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար մեղմելու հնարավորությունը, եթե Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիր կնքվի:

Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասում է, որ Ալյասկայի հանդիպմանը Պուտինը կփորձի իր կողմը գրավել Թրամփին և հասնել իր ուզածին, ինչը շատ վտանգավոր է ուկրաինացիների համար:

«Այնպես որ, դա, անշուշտ, լիովին տեղավորվում է Պուտինի պլանի մեջ՝ հեռու պահել ուկրաինացիներին, նյարդայնացնող եվրոպացիներին, որպեսզի մնան պարզապես ինքը և Թրամփը՝ դեմ առ դեմ»,-ասել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:


Իսկ ռազմաճակատում իրադրությունը մնում է լարված, կողմերը շարունակել են հարվածել միմյանց: Ուկրաինական զորքի համար իրադրությունը ծանր է Պոկրովսկում, որտեղ ռուս զինվորականների մի խումբ երեկ մի քանի ուղղությամբ մոտ10 կմ առաջ է շարժվել դեպի Դոբրոպիլյա:

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ռուսական բանակը մեկ օրում իր ամենամեծ առաջխաղացումն է գրանցել՝ գրավելով մոտ110 ք/կմ։ Սա 2024-ի մայիսից ի վեր ռուսական կողմի ամենամեծ տարածքային ձեռքբերումն է։ Այսօր էլ ռուսական կողմը հայտարարեց Դոբրոպիլյային մոտ երկու գյուղ գրավելու մասին։



XS
SM
MD
LG