Մատչելիության հղումներ

Ըստ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու համար Ուկրաինան ու Ռուսաստանը ստիպված կլինեն տարածքներ զիջել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված բանակցությունները կառուցողական կլինեն, որոնց գլխավոր նպատակը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն է։ ԱՄՆ նախագահը նշել է՝ չնայած Պուտինը քանիցս հիասթափեցրել է իրեն, սակայն կարծում է, որ նրա հետ հնարավոր կլինի համաձայնության գալ:

Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Թրամփն ընդգծել է՝ Պուտինի հետ հանդիպումը փորձնական կլինի, իսկ դրանից հետո մտադիր է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, քանզի խաղաղություն հաստատելու համար Ուկրաինան ու Ռուսաստանը ստիպված կլինեն որոշ տարածքներ զիջել:

«Ես այնտեղ կլինեմ, եթե նրանց անհրաժեշտ լինի, բայց ուզում եմ երկու առաջնորդների հանդիպում կազմակերպել … քանզի որոշ տարածքների փոխանակում կլինի։ Ես դա գիտեմ Ռուսաստանի և բոլորի հետ զրույցներից», - ասել է նա:

Ուկրաինայի նախագահը, սակայն, վկայակոչելով հետախուզական տվյալներ, հայտարարել է՝ ռուսական զորքը պատրաստվում է նոր հարձակման, այլ ոչ թե հրադադարի: Վլադիմիր Զելենսկին պնդել է՝ Պուտինը մտադիր է ԱՄՆ-ի հետ հանդիպումը ներկայացնել որպես անձնական հաղթանակ և շարունակել նախկինի պես ճնշում գործադրել Ուկրաինայի վրա: Ավելին, ըստ նրա՝ չկա որևէ նշան, որ ռուսները պատրաստվում են խաղաղության. «Հակառակը՝ իրենց զորքերն ու ուժերը տեղաշարժում են այնպես, որ նոր հարձակումներ սկսեն։ Եթե որևէ մեկը պատրաստվում է խաղաղության, ապա նման բան չի անում»:



Daily Telegraph-ը գրում է, թե Ուկրաինան կարող է համաձայնել հրադադարին և զիջել Ռուսաստանի կողմից արդեն իսկ գրավված տարածքները՝ խաղաղության դիմաց: Ըստ թերթի՝ Զելենսկին եվրոպացի առաջնորդներին ասել է, որ պետք է մերժեն Թրամփի ցանկացած առաջարկ, որով Ուկրաինան պետք է ավելի շատ տարածքներ զիջի, իսկ Ռուսաստանին թույլ տրվի պահպանել գրավված տարածքների մի մասը:

Մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստվում են Ալյասկայի հանդիպմանը, եվրոպական երկրների առաջնորդները փորձում են հասկանալ՝ ինչպես ապահովել Ուկրաինայի մասնակցությունը և ինչպես ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը: Հենց այս նպատակով վաղը Գերմանիան եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ հեռավար հանդիպում կանցկացնի, որից հետո նրանք կխոսեն Թրամփի հետ:

Իսկ մինչ այդ ԵՄ անդամ 26 երկրների ղեկավարներն այսօր հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ Ուկրաինան պետք է ազատ լինի՝ որոշելու իր ապագան, իսկ խնդրի դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի շահերը։

«Արդար և տևական խաղաղությունը, որը կայունություն և անվտանգություն է բերում, պետք է հարգի միջազգային իրավունքը, ներառյալ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ միջազգայնորեն ճանաչված սահմանները չպետք է փոխվեն ուժի միջոցով», - ասված է հայտարարության մեջ, որին չի միացել միայն Հունգարիան, որը որպես կանոն դաշինքից տարբերվող դիրքորոշում ունի այս հարցում:

Երեկ էլ տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հեռավար հանդիպումը: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտնել է, որ մասնակիցներն աջակցում են ԱՄՆ քայլերին, որոնք կհանգեցնեն արդար խաղաղության։ Կայա Կալլասը սոցցանցում գրել է, որ ԵՄ-ն նաև աշխատում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու, Ուկրաինային ռազմական աջակցությունը մեծացնելու, բյուջետային կարիքները բավարարելու և ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացին ավելի շատ աջակցելու ուղղությամբ:

«Անդրատլանտյան միասնությունը, Ուկրաինային աջակցությունը և Ռուսաստանի վրա ճնշումը այն միջոցներն են, որոնցով մենք վերջ կդնենք այս պատերազմին և կկանխենք Եվրոպայում Ռուսաստանի հետագա ագրեսիան», - նշել է նա:

Դիվանագիտական այս զարգացումների ֆոնին ռազմաճակատում իրավիճակը մնում է լարված: Ռուսական զինուժի հարվածից Գորլովկա քաղաքում շտապօգնության երկու աշխատակից է սպանվել, ևս երկուսը սպանվել են Դոնեցկում: DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զորքը Պոկրովսկ քաղաքից դեպի հյուսիս երկու ուղղությամբ արագ առաջ է գնացել:

Ուկրաինական զինուժն իր հերթին հայտարարել է, որ երկու գյուղ է վերցրել Սումիում: Օրենբուրգում հարվածել են հելիում արտադրող գործարանի: Ուկրաինական անօդաչուների պատճառով գիշերը փակվել են Սարատովի և Պենզայի, իսկ առավոտյան նաև Ուլյանովսկի և Սամարայի օդանավակայանները:


XS
SM
MD
LG