Մատչելիության հղումներ

Փոխնախարարը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, որ հունիսի 12-ին «Զարյա 3» է կիրառվել


Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը չի հերքում, որ հունիսի 12-ին մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաքը ցրելիս կիրառել են այդ պահին դեռ արգելված «Զարյա 3» տեսակի նռնակներ։

«Կիրառվել են ոստիկանության բազայում գտնվող հատուկ միջոցներ: Տեսակների մասով գիտեմ, որ բազմաթիվ հարցումներ ևս ուղարկել եք նախարարություն և կրկին, հաշվի առնելով վարույթի առկայությունը, որևէ մեկնաբանություն չեմ ցանկանա տալ», - ասաց Արփինե Սարգսյանը:

Փոխնախարար Սարգսյանը շարունակ պնդում էր՝ քանի որ իրավապահները քննում են այդ օրը ոստիկանության գործադրած ուժի և հատուկ միջոցների համաչափության հարցը, իրենք որևէ տվյալ չեն կարող տրամադրել։ Չէր պատասխանում նաև, թե ինչո՞ւ ոստիկանությունը չկարողացավ խուսափել ավելի քան 100 մարդու վնասվածք պատճառելուց։ Միայն ասաց՝ ցանկացած իրավիճակում գնահատվում է թե՛ ֆիզիկական ուժի գործադրման, թե՛ հատուկ միջոցների կիրառման հարցն ու ըստ դրա որոշում կայացվում։

«Իսկ թե իրավաչափության կամ համաչափության հետ կապված արդյոք ամեն ինչ եղել է իդեալական, թե՝ ոչ, քանի որ այս պահի դրությամբ կա հարուցված քրեական գործ, կոռեկտ չեմ համարում դրա վերաբերյալ այլևս որևէ արձագանք տալ», - նշեց փոխնախարարը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել էր հունիսի 12-ի կադրերն ու եզրահանգել՝ ոստիկանությունը կիրառել է այդ պահին արգելված «Զարյա 3» տեսակի նռնակներ, որոնք առաջացնում են հենց բեկորային վնասվածքներ, ընդ որում՝ 57 տուժածները հենց բեկորային վնասվածքներ են ստացել։

«Ներքին գործերի նախարարությունը չի հերքում «Զարյա 3»-ների կիրառումը, որովհետև չի կարող հերքել ճշմարտությունը, բայց միաժամանակ Ներքին գործերի նախարարությունը չի հաստատում, որ կիրառել են «Զարյա 3» լուսաձայնային միջոցներ, որովհետև այդ պահի դրությամբ «Զարյա 3» լուսաձայնային միջոցները չկային առողջապահության նախարարի համապատասխան ցանկում, հայտնվել են դրանից մոտ 10 օր անց: Ըստ այդմ այդ լուսաձայնային միջոցների կիրառման իրավունք ընդհանրապես չունեին», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Զարյա 3»-ն, ի տարբերություն «Զարյա 2»-ի, կիրառում են ընդհուպ պատերազմի ժամանակ զինված հակառակորդին մեկուսացնելու համար։ Հայաստանի ոստիկանական հրամաններում դրա կիրառման նկարագրություն չկա։ Ըստ դրա, այն նախատեսված է իրավախախտների վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցության համար։

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ավելի վաղ ասել էր, որ «Զարյա 3»-ն արգելվում է կիրառել հավաքների ժամանակ և թեև մահաբեր չէ, բայց դրա բեկորները կարող են մահ պատճառել։

Առողջապահության նախարարը վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքից միայն երկու շաբաթ անց թույլատրելի դարձրեց տարիներ շարունակ արգելված «Զարյա 3»-ը։ Մինչև օրս, սակայն, նախարար Անահիտ Ավանեսյանը չի էլ բացատրել իր այդ որոշման անհրաժեշտությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց՝ Առողջապահության նախարարությունից այս հարցին իրենց պատասխանել են, որ դա արվել է Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ. - «Ըստ էության, ենթադրում է, որ դա փոխվել է Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ»:

Սակայն ներքին գործերի փոխնախարարը չպատասխանեց մեր այն հարցին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար արգելված միջոցը դարձնել թույլատրելի։ Հավելեց, որ ոստիկանության սպառազինության մեջ կարող են լինել տարբեր վնասվածքներ առաջացնող տեսակներ, այլ հարց է, թե պետությունը որ տեսակներն է համարում ընդունելի և որոնք հնարավորություն ունի նաև ձեռքբերելու։

«Քանի որ հրամանի շրջանակում պարբերաբար ներկայացված են եղել այնպիսի միջոցներ, որոնք կան ոստիկանության սպառազինության մեջ, հետևապես այն, ինչ որ կա, բնականաբար, դրանք թույլատրելիության սահմաններում են», - ասաց Արփինե Սարգսյանը:

«Ազատության» հարցին՝ «այսինքն «Զարյա 3»-ը մինչև, օրինակ, հունիսի 12-ը եղել է ձեր սպառազինության մեջ, պարզապես այդ պահին արգելված է եղե՞լ կիրառել», փոխնախարարն արձագանքեց. - «Այս հարցի մասով այսքանը, նորից եմ ասում, ցանկացած նրբերանգով հարցադրումը չի ստիպի ինձ մտնել քրեական վարույթի բովանդակության մեջ»:

Ստացվում է, որ «Զարյա 3»-ը եղել է ոստիկանության սպառազինության մեջ, և այս պատճառով էլ՝ Առողջապահության նախարարությունը որոշել է սահմանել դրա կիրառման կանոնները, այդ թվում՝ հունիսի 12-ի պատճառով, եզրահանգում է Իոաննիսյանն ու պնդում՝ նախարարությունը ապօրինություն է գործել։

«Ներքին գործերի նախարարությունը չունի այդ հարցին օրինական պատասխան, որովհետև ապօրինի բաներ են արել ու չեն ընդունելու, որ ապօրինություն են արել», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ներքին գործերի փոխնախարարը նաև չպարզաբանեց, թե հանրահավաքի վերաբերյալ այդ ինչ տեղեկություններ էին ստացել, որ որոշեցին դիմել հատուկ միջոցների օգնությանը։ Արփինե Սարգսյանը կրկին խորհուրդ տվեց հետևել քրեական գործին, որով, սակայն, մեկ ամիս անց որևէ ոստիկան մեղադրյալ չկա, ավելին՝ Քննչականը որևէ տեղեկություն չի հրապարակել դրա ընթացքի մասին։

XS
SM
MD
LG