Հայաստանի վարչապետը Ռուսաստանում պնդել է՝ բոլոր հայտարարությունները, թե Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։
«Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Կազանում BRICS+-ի գագաթնաժողովի ժամանակ։
Ապաշրջափակման հարցը դուրս է եկել խաղաղության պայմանագրից, բայց հարցը շաբաթներ շարունակ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների քննարկումների օրակարգում է, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Անկարան ու Բաքուն շարունակում են խոսել «Զանգեզուրի միջանցք» բացելու մասին, իսկ Մոսկվան այդ ճանապարհի վերահսկողությունն է ուզում։ Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհը բացելու պատրաստակամ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:
Այսօր Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» ծրագրի մասին, ասաց՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա, նրա ձևակերպմամբ, ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):
«Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար», - նշեց նա։
- Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։