Մատչելիության հղումներ

Օր 2-րդ. վարչապետն ու տիկինը շարունակում են գրել, Մայր Աթոռը դեռ լռում է


Վարչապետն, տիկինն ու նախագահը Էջմիածնում մասնակցում են Մայր տաճարի վերաօծմանը, 29-ը սեպտեմբերի, 2024 թվական
Վարչապետն, տիկինն ու նախագահը Էջմիածնում մասնակցում են Մայր տաճարի վերաօծմանը, 29-ը սեպտեմբերի, 2024 թվական

Վարչապետն ու տիկինը երկրորդ օրն է՝ չեն դադարեցնում հոգևորականներին ուղղված վիրավորանքներն ու զգուշացումները: Նիկոլ Փաշինյանը առավոտյան էջում մի սաղմոս տեղադրեց, բայց տասը րոպե չանցած շարունակեց զարգացնել հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ իր բացած թեման:

Փաշինյանի այսօրվա գրառումները հիմնականում ուղղված են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սրբազանը երեկ Հայաստանի ղեկավարին և նրա տիկնոջը հորդորել էր չմտնել մարդկանց, այդ թվում՝ նաև կուսակրոն հոգևորականների անձնական կյանք. - «Կուսակրոնության մեջ էլ, որ ամենախոցելին է, այն էլ 21-րդ դարում... էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մեկ ամիս առանց կնոջ ապրել...»:

Վարչապետի գրառումներն ընթերցողները կոչեր, վերլուծություններ են անում, փորձում հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը նոր թափ հաղորդում եկեղեցականների կուսակրոնության մասին քննարկումներին: Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում, հակառակը՝ անցել է հասցեական մեղադրանքների:

«Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը կարծում է՝ Մայր Աթոռի կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ։ Հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ երկրի ղեկավարի բացած օրակարգն անընդունելի է համար իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը:

«Եթե ինչ- որ մեկը մեկի հետ քնում է, թեև հայտարարում է, որ ինքը կուսակրոն է, պետության ի՞նչ գործն է, Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, ինչի՞ էս թեման բերեց առաջին պլան», - հարցնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավարը:

Փաշինյանի թիմում, մինչդեռ, նորմալ են համարում նման քննարկումները: Ավելին՝ իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ զգուշացնում էր՝ անուն առ անուն բացահայտելու են, բոլոր «սրբապիղծներին»: Իրավապաշտպանը Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ գրառումներում մտահոգիչ ակնարկներ է տեսնում, որ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ են հավաքվում և պահվում:

«Դա նաև քրեական օրենսգրքով արգելված արարք է: Պետությունը ոչ մի գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում, բայց եթե պարզվի, որ ԱԱԾ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանին, թե «էս ինչ սրբազանը էս ինչի հետ քնում է» ու մի բան էլ Նիկոլ Փաշինյանը բռնում, դա հրապարակում է, այ էդտեղ պետությունը անելիք ունի ու պիտի դատի բոլոր նրանց, ովքեր էդ տեղեկությունները հավաքելու, պահելու ու տարածելու մեջ ներգրավված են», - ասում է Իոանիսյանը:

Վարչապետի տիկինն այսօր իրեն քննադատած լրագրողին պատասխանելի գրել է. - «Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգեւորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։

Հրապարակախոս, պատմաբան Կարպիս Փաշոյանի գնահատմամբ՝ վարչապետն ու իր տիկինը սպառնում են իրենց քննադատներին կոմպրոմատներով: Փաշոյանը հիշեցնում է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի օրինակը, երբ կոնկրետ քրեական գործով քննիչն առգրավել էր Աղազարյանի հեռախոսը, իսկ հետագայում դրա պարունակությունը, այդ թվում՝ անձնական կյանքին առնչվող մանրամանսերը հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների սեղանին:

«Շանտաժը, կոմպրոմատը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքի փիլիսոփայությունն է, ինքը էդպիսին է եղել նաև որպես լրագրող, առաջնորդվել է շանտաժներով, կոմպրոմատներով: Եվ ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ նաև առաջիկա ընտրությունների համատեքստում էդ կոմպրոմատներն ու շանտաժը լինելու են առաջին պլանում», - ասում է Փաշոյանը:

Բացի կուսակրոնության հարցից, վարչապետը կարծում է՝ ևս մի հարց մեկընդմիշտ պետք է լուծել: Երեկ Նիկոլ Փաշինյանը գրեց, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Դանիել Իոաննիսյանն առաջարկում է եկեղեցուն հանգիստ թողնել:

«Մենք այդտեղ անելիք չունենք, պետությունն այդտեղ անելիք չունի», - ասում իրավապաշտպանը:

Հայաստանում սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են: Սա հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կարևորում տարիներ առաջ, երբ նրան հարցնում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին. - «Սա իմ պաշտոնական և ոչ պաշտոնական դիրքորոշումն է, եկեղեցին ու պետությունը անջատ են և այդ անջատությունը պետք է պահպանել», - 2018 թվականին վստահեցնում էր Փաշինյանը:

Վարչապետի՝ եկեղեցու գործերի միջամտելու փորձերը, պատմաբանի կարծիքով՝ հաջողություն չեն ունենա և կհանդիպեն կոշտ դիմադրության:

«Ես կարծում եմ՝ ինքը հարցը լուծելու էդ ճանապարհով չի գնա, կարող են էլի դիմել շանտաժի ու կոմպրոմատների, կաթողիկոսին կամ որևէ սրբազանի նեղ վիճակի մեջ գցեն, բայց իրավական, նույնիսկ պսևոդոիրավական ճանապարհ չկա, ինչ սահմանադրության էլ հղում անեն, ինչ փոփոխություն էլ անեն», - ասում է Փաշոյանը:

Մայր աթոռից մինչ այս պահը պաշտոնապես չեն արձագանքել վարչապետին ու տիկնոջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG