Մատչելիության հղումներ

Երուսաղեմի հայոց պատրիարքը կոչ է արել կանգ առնել


Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Մայր Աթոռում երեկվա իրադարձությունները, ինչպես նաև «Հայոց Սրբություն Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները»:

Հայտարարության մեջ Հայոց պատրիարքը նշել է, որ ցավով և մտահոգությամբ են տեղեկացել Վեհարանի տարածք ուժայինների ներխուժելու մասին:

«Չէինք կարծում, թե հարցը ի վերջո դրան կհասնի: Կացությունն անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել», - ասված է նրա հայտարարության մեջ:

Երուսաղեմի պատրիարքը կոչ է արել կանգ առնել հանդարտությամբ ու խաղաղությամբ, առանց նոր լարվածութուն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգով, հակառակ դեպքում, ըստ նրա՝ այս ճանապարհը անդունդի կհասցնի։

«Ուստի պետք է խնայել թե՛ Ազգը, և թե Եկեղեցին՝ խուսափելու համար նոր ու ավելի ծանր աղետներից, Եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ ու պառակտումներ ստեղծելու վտանգից», - շեշտել է արքեպիսկոպոսը:

Զորակցություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հույս է հայտնել, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը Սուրբ Էջմիածնի և Վեհափառի հանդեպ:

Ուժայինները երեկ նախ Շիրակի առաջնորդարանում էին խուզարկություններ արել, ապա գնացել էին Մայր Աթոռ՝ ձերբակալելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները դա մի քանի ժամ թույլ չէին տալիս: Սրբազանն ինքը ուղևորվեց Քննչական կոմիտե: Այսօր դատավորի որոշմամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ 2024 թվականին հրապարակված մի հարցազրույցի հետքերով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակիցներ էլ կալանավորվել էին ավելի վաղ՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Նրանք ևս մեղքը չեն ընդունում:

Այս ամենը տեղի է ունենում իշխանություն-եկեղեցի հրապարակային առճակատման ֆոնին:




    XS
    SM
    MD
    LG