Մատչելիության հղումներ

«Որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել». եկեղեցու դեմ արշավը շարունակվում է


Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան ստատուսներով շարունակում է Վեհարանը վեհափառից ազատելու գործը: Այսօրվա գրառումից հասկանում ենք՝ իրավապահների համար Մայր Աթոռի տարածքում անհասանելի անկյուն չի կարող լինել: Բնականաբար նաև Վեհարանը, որտեղ կաթողիկոսի գրասենյակն է, բնակարանը:

Փաշինյանն, ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսի աշխարհիկ անունն է շաբաթներ ի վեր օգտագործում, բայց դեռ շատ չի վարժվել: Գրառման չխմբագրված տարբերակում՝ Կտրիճ Սարդարյան՝ խորհրդարանի նախկին պատգամավորի անունն էր նշել:

Գրոհ է նախապատրաստվում վեհարանի ուղղությամբ. ուզում են վեհափառին ձերբակալել, մտնելու են Վեհարան՝ խուզարկության. առավոտից ընդդիմադիրները այսկերպ են մեկնաբանում վարչապետի գրառումը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մեկուսարանից արձագանքեց կալանավորված արքեպիսկոպոս Միքայել սրբազանը. - «Իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին: Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել: Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել: Հասկացա՞ր, այ.......... (լրացնել ըստ արժանվույն)»:

Ի դեպ՝ վարչապետ Փաշինյանը հուլիսի 1-ից վատ բառապաշարի հնգօրյա դադար էր առաջարկել, այս պահի դրությամբ արքեպիսկոպոսին դեռ չի արձագանքել:

Աջապահյանի փաստաբանները նույնպես այս վերջին գրառումը իրավապահներին ուղղված պատվեր են համարում. - «Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

«Ես չեմ կարծում, որ դրա մասին է, քանի որ մենք ունեցել ենք երևույթ, որ իրավապահները փորձել են գործողություններ իրականացնել Էջմիածնի տարածքում, ցավոք, որովհետև անձը, որը պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, թաքնվել էր, ըստ էության, եկեղեցու տարածքում», - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը վստահ է՝ վարչապետը ոչ թե հաջորդ այլ նախորդ՝ հունիս 27 -ի իրադարձությունների մասին է խոսում, երբ ուժայինները Մայր Աթոռ էին գնացել Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու, հավաքված մարդիկ թույլ չէին տալիս, որ հոգևորականը հեռանա Վեհարանի տարածքից:

Միքայել սրբազանը չի թաքնվել և ի վերջո իր ոտքով գնացել է Քննչական կոմիտե, պնդում էին արքեպիսկոպոսի փաստաբանները:

Երբ երկրի վարչապետը գրում է՝ Վաղարշապատի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, սա ցուցում չէ՞ հենց իրավապահներին՝ Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է իրավապահների գործողությունները անոնսելով:

Որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներն ու իրավապահների գործողությունները համահունչ են, խորհրդարանական ընդդիմությունն է պարբերաբար բարձրաձայնում: Այսօր էլ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը գլխավոր դատախազին ուղիղ հարց ուներ. - «Հիմա հրահանգնքները SMS-ով եք ստանո՞ւմ, թե՞ մենակ ստատուսներն եք կարդում»:

Մի քանի ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ խորհրդարան եկած գլխավոր դատախազին նաև հարցրին՝ վեհափառ հայրապետի նկատմամբ գործողություն իրականացնելո՞ւ եք:

«Որևէ անձի վերաբերյալ այո կամ ոչ, բերելու եմ, տանելու եմ, մեղադրելու ենք կամ չենք մեղադրելու, ոչ մի կանխատեսական դատողություն չեմ անելու», - պատասխանեց Աննա Վարդապետյանը:

Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակակաթողիկոսական արշավի 39-րդ օրն է: Վեհափառը դեռ Վեհարանում է, Մայր Աթոռում ու այլ եկեղեցիներում ամենօրյա պատարագներ են, թանգարաններից պարբերաբար հավատացյալներին կանչող մասունքներ են դուրս բերվում: Զուգահեռ՝ իշխանական դեմքերը պնդում են՝ հեռանալու է կաթողիկոսը, միայն թե ոչ ոք առայժմ չի բացատրել, թե ինչպես: Գործող հոգևորականներից որևէ մեկը հրապարակավ չի միացել վարչապետի արշավին:

Երկու օր առաջ համատեղ հայտարարություն տարածեցին հայաստանյան ու սփյուռքի եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները. - «Որդիական խոնարհությամբ մեր հավատարմությունն ենք հայտնում Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն»։

Ի դեպ՝ Մայր Աթոռի եպիսկոպոսներից տեղեկացանք, որ այս հայտարարությանը նախորդած ժամանակահատվածում հեռախոսային հաղորդագրություն են ստացել իրենց անծանոթ համարից՝ SMS-ը հղում է ունեցել, որում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումն էր՝ «հոգևորականները պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

Ո՞վ է էջմիածնական վերնախավին ուղարկել այս SMS ուղերձը. եպիսկոպոսներն իրենք չգիտեն, Արայիկ Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց՝ ոչ ոքի SMS չի ուղարկել, բայց որ պետք լինի կուղարկի:



XS
SM
MD
LG