«Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով: Սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել», - այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Բաքվի հայտարարությանը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները:
Փաշինյանն ասաց նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը, որը տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով։
«Ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ, և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները: Իհարկե, այս հայտարարությունը, որպեսզի ամբողջական լինի, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի Խաղաղության հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք ու ամբողջական», - ընդգծեց Փաշինյանը:
Առաջին անգամն է, որ ՀՀ բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան
Աժ-ում մեկնարկել են 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները:
Վարչապետը նախ ասաց. «Ըստ էության, առաջին անգամն է, երբ մենք ՀՀ բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում: Այսինքն՝ ըստ էության, առաջին անգամն է, որ մենք բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության հռչակագրով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն և այդ խաղաղությունն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն: Ուզում եմ ընդգծել, որ արդեն մեկ տարի ութ ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել», - ասաց Փաշինյանը: