Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստին


Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը:

Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին սոցիալական ցանցերում հրապարակել է «Եվրանեսթ»-ի ղեկավարությանն ուղղված նամակ։ Նա նշել է, որ Վրաստանը «ավելի ու ավելի է մտահոգված Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների գործողություններով, որոնց թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին»։

Վրացական կողմը դատապարտել է Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների մասնակցությունը «Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույցերին», ինչը, նրանց կարծիքով, «դուրս է գալիս խորհրդարանական դիվանագիտության սահմաններից»։ Փաստաթղթում նշվում է, որ նրանց հայտարարությունները «խրախուսել են երկրում հասարակական անկարգությունները, արմատականացումն ու բռնությունը»:

«Եվրոպական խորհրդարանը պետք է քննարկի, թե արդյոք իր ներկայիս քայլերը ամրապնդում են տարածաշրջանային համագործակցությունը, թե՞ քանդում են գործընկերության կամուրջները», - նշվում է հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով այս ամենը՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ մնաց մասնակցել «Եվրանեսթի» երևանյան նստաշրջանին», - եզրափակվում է նամակում։

Բրյուսելը քննադատել է «Վրացական երազանք»-ին ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու, օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ընդունման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG