Ուկրաինայի հետ բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ունենք օգտակար հանածոների մասին համաձայնագիր, որը, կարծում եմ, շուտով՝ հաջորդ հինգշաբթի կստորագրվի», - նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների մասին հուշագիրը կարող է ստորագրվել ապրիլի 17-ին։
Ապրիլին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ Կիևն ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն, նաև դժգոհել էր, թե ԱՄՆ-ը շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները: Թրամփն էլ ասել էր, թե Ուկրաինայի նախագահը ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից՝ սպառնալով՝ Զելենսկին «մեծ խնդիրներ» կունենա, եթե դուրս գա գործարքից։
Օրեր առաջ Bloomberg News-ը գրեց, որ ԱՄՆ-ն մեղմացնում է ռազմական օգնության դիմաց Կիևի կողմից վճարման պահանջները։