Ուկրաինան և ԱՄՆ-ը ընդերքի մասին համաձայնագիր կնքելու մտադրությունը հաստատող հուշագիր են ստորագրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Հուշագիրը ստորագրվել է առցանց ձևաչափով, ամերիկյան կողմից այն ստորագրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այսօր քայլ արվեց ԱՄՆ-ի հետ համատեղ Տնտեսական գործընկերության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրեցին հուշագիր, որը վկայում է մեր թիմերի կառուցողական համագործակցության, ինչպես նաև հուշագիրը վերջնականացնելու և կնքելու մտադրության մասին, որը օգուտ կբերի մեր երկու ժողովուրդներին», - գրել է ուկրաինացի նախարարը՝ կից հուշագրի ստորագրումից լուսանկար հրապարակել։
Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի «զգալի ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների արդիականացման, Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև փոխշահավետ գործընկերության համար»։
«Մենք համաձայնագրով հաստատում ենք ուկրաինացի ժողովրդի հետ ազատ, ինքնիշխան և ապահով Ուկրաինայում ներդրումներ անելու ամերիկացիների ձգտումը։ Առջևում համաձայնագրի տեքստի վերջնականացումն ու ստորագրումն է, ապա խորհրդարանների կողմից վավերացումը», - գրել է Սվիրիդենկոն։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։
«Մենք ունենք օգտակար հանածոների մասին համաձայնագիր, որը, կարծում եմ, շուտով՝ հաջորդ հինգշաբթի կստորագրվի», - նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Ապրիլին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ Կիևն ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն, նաև դժգոհել էր, թե ԱՄՆ-ը շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները: Թրամփն էլ ասել էր, թե Ուկրաինայի նախագահը ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից՝ սպառնալով՝ Զելենսկին «մեծ խնդիրներ» կունենա, եթե դուրս գա գործարքից։
Օրեր առաջ Bloomberg News-ը գրեց, որ ԱՄՆ-ն մեղմացնում է ռազմական օգնության դիմաց Կիևի կողմից վճարման պահանջները։