Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆը սոցցանցում գրել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:
«Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերն ու աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորման և համաշխարհային անվտանգության վերականգնման գործում», - նշել է նա:
Ուիթքոֆը նաև հայտնել է, որ Կիևը և Վաշինգտոնը քննարկել են չորս տարբեր փաստաթղթեր՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը։ «Հատուկ ուշադրություն է դարձվել հաջորդ քայլերի ժամանակացույցի և հաջորդականության քննարկմանը»,- սոցցանցում գրել է ամերիկացի պաշտոնյան:
Նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև Կիևի բանագնաց Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ Ուկրաինան շարունակում է լիովին հանձնառու լինել արդար և կայուն խաղաղության հասնելուն։
«Քննարկումները կառուցողական են անցնում»,- իր հերթին Մայամիում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:
Մայամիի հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս քննարկել են պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը:
«Կարծում եմ՝ առաջարկների մեծ մասը մեզ համար կտրականապես անընդունելի կլինի». Ուշակով
Ու մինչ ամերիկացի, ուկրաինացի և ռուս պատվիրակները հայտարարում են կառուցողական հանդիպումների մասին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Մոսկվային, թերևս, չի գոհացնի խաղաղության պլանի վերջին տարբերակը, որը մշակել են Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները: Ըստ նրա՝ Դմիտրիևը այսօր կվերադառնա և կզեկուցի նախագահին, թե ինչ է քննարկել Մայամիում:
«Կարծում եմ՝ առաջարկների մեծ մասը մեզ համար կտրականապես անընդունելի կլինի, քանզի մենք հետևելու ենք այն ամենին, ինչի մասին համաձայնել ենք Անքորիջում և ամերիկացի ներկայացուցիչների հետ այլ հանդիպումների ժամանակ», - ասել է Ուշակովը:
Զելենսկի. ռուսական զորքը վերջին օրերին սաստկացրել է հարվածներն Օդեսային
Մինչ այդ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ թեև ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների հաշվին վարկ տրամադրելու շուրջ և փոխարենը որոշեց այն տրամադրել ԵՄ բյուջեից, Կիևը կշարունակի աշխատել՝ ապահովելու, որ սառեցված բոլոր միջոցներն ուղղվեն Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանը։
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ ռուսական զորքը վերջին օրերին սաստկացրել է հարվածներն Օդեսային, ինչի նպատակն է Ուկրաինային զրկել ծովային լոգիստիկային հասանելիությունից. «Աշխարհը պետք է բարձրաձայնի դրա մասին։ Բոլորը պետք է տեսնեն, որ առանց Ռուսաստանի վրա ճնշման նրանք իրականում մտադիր չեն վերջ դնել իրենց ագրեսիային։ Ճնշումը պետք է ուժեղացվի»:
Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը
Դիվանագիտական ճակատում այս զարգացումների ֆոնին Մոսկվայում առավոտյան ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը:
Ռուսական կողմի վարկածներից մեկով՝ հնարավոր է համարվում, որ պայթյունը կազմակերպած լինեն ուկրաինական հատուկ ծառայությունները: Կիևը դեռ չի մեկնաբանել այս պնդումը:
Մեկ տարի առաջ էլ ռումբի պայթեցման միջոցով Մոսկվայում սպանվել էին Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ու նրա օգնականը: Այս սպանությունը ևս կապվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների հետ: