Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները Ֆլորիդայում «կառուցողական» են և կշարունակվեն այսօր:
«Քննարկումները կառուցողական են ընթանում: Դրանք սկսվել են ավելի վաղ և կշարունակվեն այսօր, կշարունակվեն նաև վաղը», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Դմիտրիևը՝ առանց մանրամասներ փոխանցելու:
Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել բանակցությունները, որտեղ Միացյալ Նահանգները ենթադրաբար ներկայացնում են նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հնարավոր էր համարել նաև իր մասնակցությունը, սակայն մանրամասներ չէր բացահայտել:
Թրամփը հանգստյան օրերն անցկացնում է Ֆլորիդայի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում՝ Մայամիից մոտ 110 կմ հեռու, սակայն նրա մասնակցությունը ռուս - ամերիկյան հանդիպմանը չէր նախատեսվում:
Շաբաթ օրը ԱՄՆ-ում բանակցել էին նաև Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունները: Երեկոյան Կիևում կայացած ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջարկում է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան ուղիղ բանակցություններ: