Քաղաքականությունից հեռանալու մտադրություն երկրորդ նախագահը չունի
«Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ թե՛ լինեն ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե՛ լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ». - շուրջ երեք տարվա դադարից հետո այսօր հրավիրած ասուլսիսում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի։ Ինչ ձևաչափով իր առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կմասնակցի հերթական կամ արտահերթ ընտրություններին, դեռևս չեն քննարկել:
«Իմ մոտեցումը հետևյալն է՝ ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել, պրագմատիկ ասելով՝ այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի», - այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ ընտրություններով հնարավոր է հաղթել Նիկոլ Փաշինյանին, մի դիրքորոշում, որն, օրինակ, ըստ նրա, չի համընկնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցմանը։
«Հանրապետականները իրենց հարցազրույցներում ասում են այդ թեզը, որ ընտրություններով հնարավոր չի, չէ՞, ինչ-որ, հաջողության հասնել: Ես այդպես չեմ մտածում: Դա տարաձայնությո՞ւն է, այո, տարաձայնություն է, բայց դա փակո՞ւմ է ճանապարհը երկխոսության, ինչ-որ հարցեր քննարկելու, իհարկե չի փակում», - ասաց նա:
Շարունակելով երրորդ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների թեման, Քոչարյանը շեշտեց՝ Սարգսյանի հետ բոլոր հարցերում միակարծիք չեն , բայց դա չի խանգարում անհարժեշտության դեպքում վերցնել հեռախոսը և զանգահարել նրան։
Երկրորդ նախագահն, ամեն դեպքում, ընդունեց՝ իր և Սերժ Սարգսյանի համակիրների ջրերն էլ նույն առվով չեն հոսում։
«Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կան ինչ-որ քանակի մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին: Նույնապես՝ երրորդ նախագահի համակիրների մեջ կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում: Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք սենց վերահսկողություն սահմանել, մեկը գրի, մեկը չգրի, չկա այդպիսի բան: Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել», - նշեց Քոչարյանը:
Խոսելով Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի հետ ուժերը միավորելու հնարավորության մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե դա չպետք է ինքնանպատակ լինի. - «Միացնում ենք այն ժամանակ, երբ որ 5+5 դառնում է 12, մեր մոտ սիներգիան չի աշխատում: Եթե մենք, կոպիտ ասած, փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափելու են: Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմում»:
«Ղարաբաղի հանձնումը կատարվել է երկու փուլով»
Հայաստանի երկրորդ նախագահը շուրջ հինգ տասնյակ լրատվամիջոցների մասնակցությամբ ավելի քան չորս ժամ տևած ասուլիսում անդրադարձավ նաև այն հարցին , թե ինչ է կատարվել Ղարաբաղի հետ և ինչու։ Հարցեր, որոնց մինչ օրս չէր անդրադարձել։
Ղարաբաղի հանձնումը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կատարվել է երկու փուլով. առաջինը՝ 2018-ից 20 թվականը, և երկրորդը՝ 2020-ից մինչև 23 թվականի պատերազմը։
Քոչարյանի համոզմամբ՝ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Նիկոլ Փաշինյանն արհամարհել է 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին խմբագրումը, որն, ըստ նրա, դրական առաջարկ էր. - «Շատ հետաքրքիր առաջարկ 19 թվականին, որը ընդունելի առաջարկ էր, և, ըստ էության, ասաց, որ ինքը սկսում է զրոյական կետից: Ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասում է՝ «էս դուք ո՞վ եք, էս ի՞նչ էիք անում 30 տարի, ես կինոյի տղեն եմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ»:
Երկրորդ նախագահի կարծիքով՝ Փաշինյանն այս կերպ բանակցային գործընթացը մտցրեց փակուղի, ապա հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, վերջ դրեց բանակցություններին, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցրեց 2020-ի պատերազմին։ Մինչդեռ, ըստ Քոչարյանի, եթե Փաշինյանը չմերժեր համանախագահների առաջարկը և մտներ բանակցությունների մեջ, հնարավորություն կստանար խուսափել պատերազմից։ Նախկին նախագահը նաև թվարկեց Փաշինյանի այդ սխալների պատճառները՝ վարչապետի մեծամտությունը, երկու-երեք քայլ առաջ հաշվարկներ անելու անընդունակությունը և արկածախնդրությունը։
«Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր», - ասաց Քոչարյանը:
Նրա համոզմամբ՝ Փաշինյանի երկրորդ կոպիտ սխալը կամ Ղարաբաղի հանձնման երկրորդ փուլը եղել է Պրահայում, որտեղ Հայաստանի վարչապետը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում. - «Սա դատավճիռ էր Ղարաբաղի նկատմամբ»։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ Փաշինյանն իր այդ որոշումով զրոյացրեց Ղարաբաղի հարցի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած Ռուսաստանի միջնորդական մանդատը։ Իսկ պատճառն, ըստ նրա, այն էր, որ Փաշինյանը, տեսնելով, որ Ռուսաստանն անհաջողություններ է ունենում Ուկրաինայում, պարտվելու է, որոշեց «թռնել այդ գնացքից», մի կողմ քաշվեց՝ Ղարաբաղը թողնելով Ռուսաստանի պատասխանատվության ներքո։
«Շատերը նաև մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց: Թեման շատ է քննարկվում: Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայել Ռուսաստանի աչքերով: Իսկ Ռուսաստանից ուրիշ բան ես տեսնում այդ անկյան տակ, տեսնում ես մի բան՝ դու կարող ես կանգնեցնել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ ուղղակի հնարավոր չէր: Ուժային միջամտությունը ո՞ւմ համար, Հայաստանի՞ համար, որը ճակատագրական պահի քեզ, կոպիտ ասած, քցել է, որը անցել է քո թշնամիների ճամբարը: Որևէ մեկը ձեզանից իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞: Չեմ կարծում», - հայտարարեց Հայաստանի նախկին նախագահը:
Միակ տեսանելի ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է
Իսկ ի՞նչ ճանապարհ է տեսնում տեղահանված արցախցիների վերադարձի համար: Քոչարյանը շեշտեց՝ միակ տեսանելի ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է։ Հավանականությունը փոքր է, բայց պետք է օգտագործել. - «Եթե Ադրբեջանը ասում է՝ ճանապարհ, ուրեմն մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհը ընդամենը մեկ կետ է այդ հայտարարարության մեջ, եռակողմ հայտարարության մեջ, եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ այդ հայտարարության վերադարձը, նստենք քննարկենք: Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթացի մեջ»:
«Ո՛չ այո էի ասում, ո՛չ ոչ էի ասում»․ Մեղրին տալու, Ղարաբաղը ստանալու Ալիևի առաջարկի մասին
Ասուլիսում չշրջանցվեց իր նախագահության տարիներին, մասնավորապես՝ 1999-ին Մեղրին տալու և Արցախը ստանալու շուրջ Ադրբեջանի նախագահի առաջարկը: Քոչարյանն, ըստ էության, չհերքեց, որ նման գաղափար քննարկել է Հեյդար Ալիևի հետ, բայց և պնդեց՝ նրա այդ առաջարկը ոչ ընդունել է և ոչ էլ մերժել:
«Ես ո՛չ այո էի ասում, ո՛չ ոչ էի ասում, ես շատ զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների», - հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահը:
Քոչարյանը պնդում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից որևէ մեկին այդ քննարկումների մասին չի պատմել, քանի որ ցանկացել է, որ Ալիևն ինքը խոսի Ղարաբաղը տալու պատրաստակամության մասին։ Իսկ այս հարցում Թուրքիայի դերակատարության մասին իմացել է միայն գաղտնազերծված փաստաթղթերից։
«Եվ, այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքը առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Պրոցեսը ինքը շահավետ էր մեզ համար: Բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն են ունենալու այս քննարկումները բերել մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի եմ համոզված եղել՝ որովհետև այդ ընթացքում Ալիևը այնուամենայնիվ ստանում էր վեց շրջան, այսինքն՝ կար այդ մոտիվացիան, որովհետև ինքը ստանալու բան ուներ», - ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նաև վստահեցրեց՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ ԱՄՆ փոխպետքարտուղար Թալբոթը ժամանել էր Երևան և հանդիպել իր ու Վազգեն Սարգսյանի հետ, որևէ առաջարկ իր հետ չէր բերել, ԱՄՆ-ի կողմից ընդհանրապես որևէ առաջարկ չի եղել։ Թալբոթը եկել էր ծանոթանալու իր մոտեցումներին։
«Ալիևը ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան հասկանալու համար՝ իսկապես դա այդպե՞ս է, թե՞ չէ, և Աիևի ընկալումները այդ բանակցություններից և մեր ընկալումները այդ բանակցություններից նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն: Չի եղել առաջարկ, մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք, կամ չենք ընդունում, կամ ընդունում ենք վերապահումներով, չի եղել: Այդ ամբողջ գործընթացում՝ երկու տարի տևած, միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Ուեսթում», - հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը:
Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերում նաև նշվում է, որ1999-ի հոկտեմբերի 27-ին Երևանում Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը նույն օրը հասնելով Անկարա՝ Թուրքիայի նախագահին ասել է, թե «Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր»։ Քոչարյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հերքեց այս պնդումը:
«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր, որը ուներ մեծամասնություն խորհրդարանում, որևէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել, որևէ որոշում, առանց Վազգեն Սարգսյանի, հնարավոր չէր», - վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը, «Ազատության» հարցին՝ «իսկ Թալբոթն ինչո՞ւ է այդպիսի տպավորություն ստացել Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումից», արձագանքելով. - «Հիմա, ինքը պատմում է Դեմիրելին: Ես ձեզ ասում եմ՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից՝ բոլոր մանրամասնություններով, և ինքը այդ Թալբոթի հանդիպման ժամանակ եղել է առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյան, մասնակցել է այդ հանդիպմանը: Ես չգիտեմ՝ ինքը Դեմիրելին ինչի է ասել, ինչի չի ասել, դա իրեն ընկալումն է, թե ընկալումը չէ ... »:
Ի դեպ, Քոչարյանը պնդեց՝ որևէ բանակցային փաստաթուղթ իր ժամանակ և իրենից առաջ գաղտնիության ռեժիմ չի ունեցել, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղած երկու առաջարկները, ապա նաև՝ ընդհանուր պետության, Մադրիդյան սկզբունքները բոլորը հրապարակված են։ Չեն հրապարակվել Քի Ուեսթի առաջարկը և Նիկոլ Փաշինյանի օրոք արված 2019-ի համանախագահների վերջին խմբագրումները։
«Հիմա ինչ են ասում, ասում են՝ մեկը, ինչ-որ, կանդիցիաներից ենք հանում, մեկը խալադիլնիկից ենք հանում, գիտե՞ք ինչու՝ որովհետև յոթ տարում երեք արտգործնախարար է փոխել, հիմա մի ծերն էլ էս կամերաներից մեկում է հայտնվել ինչ-որ մի տեղ, չգիտեմ, մեկի տռուսիկում, կոպիտ ասած», - հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահը։
«Այն, որ Հայաստանն այսօր Սյունիքի հետ հիմա մեծ խնդիրներ չունի, կապված է Իրանի դիրքորոշման հետ»
Քոչարյանի կարծիքով՝ այն, որ Հայաստանն այսօր Սյունիքի հետ հիմա մեծ խնդիրներ չունի, կապված է Իրանի դիրքորոշման հետ։
«Եթե չլիներ Իրանի այս դիրքորոշումը, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա, և Հայաստանի իշխանությունը կասեր՝ «դե ինչ անենք, հո չենք կռվելու էն սարերի համար»։ Պատերազմի վախն իսկապես մեծ է», - հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահը։
Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Փետրվարի սկզբին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատեց, որ Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ՝ նկատելով՝ «Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին»։