«Պուտինն էր 2020-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ 2020-ից հետո պրահյան համաձայնությունը դարձավ ճակատագրական, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և զրոյացրեց Ռուսաստանի միջնորդական դերը:
«Իսկ Ռուսաստանը երբևէ Պրահայում մեր հայտարարածից տարբեր բա՞ն է հայտարարած եղել: Ռուսաստանի նախագահ Պուտինը 20 թվականին չի՞ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հայտարարել է չէ՞: Այսինքն՝ բոլորը պետք է հայտարարեին դա, Հայաստանը պետք է շարունակեր հակառակը հայտարարել, հայ զինվորները պետք է շարունակեին զոհվել, Հայաստանը պետք է ներքաշվեր պատերազմի մեջ, ինչի՞ համար, որ հետագայում տեղի ունենար էն, ինչի համար էս ամեն ինչը անում է Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը դառնար միութենական պետության կամ Ռուսաստանի Դաշնության մա՞ս», - հայտարարեց Ալեքսանյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ այսինքն Հայաստանի որոշումը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի՞ ազդել ռուսական կողմի գործողությունների վրա Արցախի համատեքստում, Ալեքսանյանն արձագանքեց. - «Իմ ընկալմամբ առնվազն ակնհայտ է, որ Ռուսաստանի գործողություններն ընդհանրապես հայկական կողմի ասածի կամ չասածի հետ ընդհանրապես ոչ մի բան չեն ունեցել: Ռուսաստանն ունեցել է իր քաղաքականությունը, Ռուսաստանն ունեցել է իր ստրատեգիկ պլանավորումը, որի մեջ ակնհայտ է իմ համար, որ մտել է Լեռնային Ղարաբաղի անցումն Ադրբեջանի ամբողջական տիրապետության տակ»:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի հայտարարությանը, որ ինչ-որ ձևաչափով ծանրակշիռ մասնակցություն են ունենալու 2026-ի ընտրություններին, Ալեքսանյանը նշեց. - «Ես կարծում եմ ծանրակշիռ էպիտետը այլևս երբեք կիրառելի չէ թե՛ իր, թե՛ իր քաղաքական ուժի նկատմամբ»:
«Որ ասում ենք մեր երազած ընդդիմությունը, նկատի չունենք, որ քնում-արթնանում, երազում ենք, որ տեսնենք Ռոբերտ Քոչարյանին որպես ընդդիմություն, չէ, ուղղակի ուզում ենք ասել, որ համակարգչային խաղեր եք խաղում դժվարության մակարդակներ կան, հեշտ, միջին, իրենց դեպքում, որպես ընդդիմություն, դա հեշտից էլ հեշտ մակարդակն է: Մեկ-մեկ ոչ մի համակարգչային խաղ խաղացող պարբերաբար չի սիրում խաղալ այդ ամենահեշտ մակարդակը: Առհասարակ այս ասուլիսն իմ վրա ավելի շատ տպավորություն է թողել ոչ թե Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի ասուլիսի, այլ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի խոսնակի», - ընդգծեց ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահը:
«Ազատության» դիտարկմանը՝ Քոչարյանն էլ ասում է՝ չի զարմանա, եթե, օրինակ, «վարչապետը կոշիկները փոխի և զանգի Ռուսաստանին ու կենաց ասի հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին», Ալեքսանյանն արձագանքեց. - «Ես կարծում եմ՝ առնվազն այն կառույցը, որին ծառայում է Ռոբերտ Քոչարյանը, վաղուց արդեն դիսկրեդիտացրել է իրեն վստահելի կանխատեսումներ անելու գործում»:
«Ինչ վերաբերում է մեղադրանքներին, եթե որպես էդպիսին նայենք, ապա եթե այդ բանակցային պրոցեսն էդքան լավ էր ու ամեն ինչ էդքան պուպուշ ու սիրուն էր, ինչքան ուզում է ներկայացնի ասուլիս տվողն, էդ դեպքում շատ տարօրինակ է, թե էդ ինչու էր Սերժ Սարգսյանը հեղափոխության փաստի արձանագրումից 2 շաբաթ առաջ ընդամենը Ազգային ժողովում հայտարարում, որ բանակցային պրոցեսը լավատեսություն չի ներշնչում, և ինքը չի կարող բացառել, որ Ադրբեջանը կգնա հարցի ուժային լուծման», - նշեց Ալեքսանյանը:
Հարցին՝ չի՞ ընդունում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ավելի է մոտեցրել պատերազմը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահը պատասխանեց. - «Էդ պահի դրությամբ երկրի վարչապետ ընտրվողը՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ բանակցային պրոցեսը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում ու չի կարող ինքը բացառել, որ Ադրբեջանը կգնա հարցի ուժային լուծման: Սրանից ավելի ի՞նչ պետք է լիներ, ավելի ծանրակշիռ հայտարարություն: Մարդը պատերազմի անոնս է անում, 2 շաբաթ հետո հրաժարական է տալիս ժողովրդի ճնշման ներքո»: