Մատչելիության հղումներ

Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ

Սամվել Շահրամանյանը նախագահական լիազորությունների ավարտից մեկ օր առաջ Նժդեհ Իսկանդարյանին նշանակել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար: Իսկանդարյանը արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներից է: Խորհուրդը զբաղվում է արցախցիների սոցիալական խնդիրներով:

«Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին և ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը: Ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին», - հայտարարեց նորանշանակ պետնախարարը:

Արցախի վտարանդի կառավարության նոր ղեկավարի նշանակման մասին չեն հայտարարել, այսօր հրավիրված ասուլիսում է Նժդեհ Իսկանդարյանը խոսել այս մասին: Հնարավո՞ր է վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների արձագանքից են խուսափել: «Ճիշտն ասած, էդ մասով չեմ կարա մեկնաբանեմ, բայց ընդհանուր առմամբ ես շատ չեմ կարևորել բարձրաձայնելու մասով: Պետք է եղել աշխատանք կատարենք, էսօր առիթը եղավ՝ խոսեցինք դրա մասին», - «Ազատությանը» ասաց Իսկանդարյանը:

Փաշինյանն Արցախի վտարանդի կառավարության նշանակումների մասին իր բացասական վերաբերմունքը դեռ անցած տարի է հայտնել: «Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է», - հայտարարել է ՀՀ վարչապետը:

Արցախի պետական կառույցների ղեկավարների թափուր պաշտոններում նշանակումները կարևոր են, որ պահպանվեն ինստիտուտները, որ շարունակեն գործել, ասում է Իսկանդարյանը:

Արցախի նախագահի պաշտոնն էլ է թափուր: Սամվել Շահրամանյանի լիազորությունները մայիսի 21-ին են լրացել, պատգամավորները պետք է նոր նախագահ ընտրեին, ու հետաձգվել է: Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատությանն» ասել էր՝ ժամկետը բաց են թողել ու հիմա լուծումներ են փնտրում այս պաշտոնն էլ համալրելու համար. - «Եվ հիմա այդ իրավիճակը շտկելու համար մասնագիտական խորհրդատվություններ ենք անում՝ ինչպես կարելի է կարգավորել այդ իրավիճակը»:

Պատգամավորի խոսքերից տպավորություն էր, որ կարծես վերջին նախագահի՝ Սամվել Շահրամանյանի թեկնածության շուրջ համաձայնություն կար, բայց այդպես էլ թեկնածու չեն առաջադրել: Մետաքսե Հակոբյանը վստահեցրել էր, որ առաջիկայում այս մասին հայտարարություն կանեն:

Մինչ այդ, Շահրամանյանին ակտիվ հարցաքննում են 2023 թվականի պատերազմի ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Այս վարույթը հարուցվել է 2023-ին՝ Արցախի հայաթափվելուց օրեր անց, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Այդ պատերազմի օրերին Արցախը ղեկավարած նախագահի՝ մոտ երկու տարվա վաղեմության գործով հարցաքննությունը սկսեցին, երբ նախագահական ընտրությունների թեման ակտիվացավ: Պատգամավոր Հակոբյանի կարծիքով՝ սա զուգադիպություն չէ, քաղաքական նկատառումներով են Հայաստանի իրավապահները Սամվել Շահրամանյանին ինտենսիվ Քննչական կանչում:



XS
SM
MD
LG