Մատչելիության հղումներ

Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում է

Լրացված

ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վաշինգտոնյան պայմանագրերը ստորագրելուց հետո, Վաշինգտոն, ԱՄՆ, օգոստոսի 8, 2025թ.
ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վաշինգտոնյան պայմանագրերը ստորագրելուց հետո, Վաշինգտոն, ԱՄՆ, օգոստոսի 8, 2025թ.

Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը». Վելայաթի

Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», միայն անունն է փոխվել, Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Իրանցի պաշտոնյան, ըստ IRNA գործակալության, ասել է, որ Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Իրանում Հայաստանի դեսպանատունը, մինչդեռ, շաբաթավերջին տեղի ունեցած հանդիպման հաղորդագրությունում չի ներառել իրանցի պաշտոնյայի պնդումները։

Դեսպանությունից հաղորդել են միայն, որ Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը: Նշվում է, որ դեսպան Հակոբյանն անդրադարձել է «Թրամփի ուղուն», իրանցի պաշտոնյային էլ փոխանցել է, որ Երևանը գնահատում է Թեհրանի դիրքորոշումը հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցում։

«Դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի իշխանությունները պարբերաբար հավաստիացնում են, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը շահավետ է նաև այս նախագծի շուրջ վերապահումներ ունեցող Մոսկվայի և Թեհրանի համար: «Թրամփի ուղի» նախագծին կոշտ են արձագանքում հատկապես Իրանի հոգևոր իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ այդ երկրի նախագահն ու արտգործնախարն ավելի մեղմ են արտահայտվել: Այդուհանդերձ, նրանք ևս որոշ մտահոգություններ հայտնել են:

Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նաև պնդել է, թե «միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսի և Ռուսաստանի հարավի համար»:

Ինչպե՞ս են պաշտոնական Երևանն ու իշխանություններն արձագանքում իրանցի պաշտոնյայի հայտարարություններին


Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, թե Երևանի դիրքորոշումը հայտնի է, հորդորեցին առաջնորդվել հանդիպման վերաբերյալ դեսպանատան հաղորդագրությամբ:

Հայաստանի իշխանությունները չեն ընդունում, թե «Թրամփի ուղին» միջանցք է։ Պնդում են, որ Սյունիքով անցնող ճանապարհը գործելու է պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Դրա հետ մեկտեղ վաշինգտոնյան պայմանավորվածությունից գրեթե չորս ամիս անց հայտնի չեն ադրբեջանցիների անցման ու այդ ճանապարհին նրանց ստուգել-չստուգելու դետալները:

«Ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ: Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Թեհրանից հնչող մտահոգություններին:

Ռուբինյանը հայտարարեց, թե հայկական կողմը կարծում է՝ այդ առումով իրանական կողմի համար չկա անհանգստացնող որևէ հանգամանք. «Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են, մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան: Եվ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, և մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա, և Իրանի «կարմիր գծերը» նույնպես հաշվի առնված են»:

Առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին». Կալուգին

Մինչ Թեհրանից մտահոգություններ են հնչում, Մոսկվայից հայտարարում են, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:

Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի՝ ռուսական հնարավոր մասնակցության համար կան բավարար հիմքեր: Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:

«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով», - ասել է նա:

Ազգային ժողովի փոխնախագահն այսօր պնդեց, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

Ըստ հայաստանցի պաշտոնյաների՝ TRIPP ուղով հաղորդակցության տարբեր ենթակառուցվածքներ են գործելու, այդ թվում՝ երկաթուղի, էլեկտրագծեր, գազի, նավթի խողովակաշարեր, մալուխներ: Երկաթուղին, ինչպես հայտնել էր վարչապետը, անցնելու է Սյունիքով՝ խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG