Մատչելիության հղումներ

Նոր ավտոբուսները գիծ կմտնեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ հունվարին կներդրվի միասնական տոմսային համակարգը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

171 նոր ավտոբուսները գիծ կմտնեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ հունվարին կներդրվի միասնական տոմսային համակարգը: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են ավտոբուսներն ուշանում: Ասաց՝ նախօրոք զգուշացրել էին՝ եթե գործընթացը ձգձգվի, ժամկետն էլ կերկարի։

«Պայմանագրով հոկտեմբեր ամսին պետք է մատակարարում լինի Երևան քաղաք ավտոբուսների ու դրանից հետո ունենք որոշակի տեխնիկական գործընթացներ՝ վարորդների նշանակումներ համապատասխան գծերի վրա, ավտոբուսների տեխնիկական սպասարկման մասով, մաքսազերծման մասով ու էդ աշխատանքները պատշաճ անելու հետ կապված որոշեցինք, որ հունվարի 1-ին ուժի մեջ կմտնի», - նշեց Գալջյանը:

«Կառավարման խնդիր է, նախ այլ բան են խոստանում, հետո այլ բան ասում», - արձագանքեց ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը:

«Նախորդ շաբաթ ստացանք նախագիծ, որով նախատեսվում էր, որ նոյեմբերից կմտնի, մի քանի օր առաջ արդեն՝ հունվարի 1-ից, այսինքն, իրենք իրենց մշակած ժամանակացույցի մեջ չեն տեղավորվում ու ի սկզբանե հաշվի չեն առել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ: Իհարկե դրականն այստեղ քաղաքացիների համար այն է, որ թանկացումն ավելի ուշ է մտնում ուժի մեջ՝ մյուս տարվա հունվարի 1-ից, բայց բացասականն այն է, որ փաստորեն շարժակազմը Երևանում չի լինելու ու շարունակելու են գերծանրաբեռնված երթևեկել», - ասաց Երիցյանը:

Մեծ աղմուկ բարձրացրած միասնական տոմսային համակարգն էլ ուժի մեջ կմտնի, երբ նոր ավտոբուսները երթուղի դուրս գան: Այս և 29 հարց չզեկուցվող էին։

Ավագանու ընդդիմադիր անդամները դժգոհեցին. - «Այս օրակարգի չզեկուցվող հարցերի գերակշիռ մասը կարելի է ասել՝ չունի քաղաքական լեգիտիմություն այն առումով, որ դրանց մի զգալի մասն, անգամ հանձնաժողովներում չի ստացել դրական եզրակացություն: Այսինքն՝ բացասական եզրակացություն ստացած նախագիծը չզեկուցվողով անցկացնելը անընդունելի է»:

Իշխող խմբակցությունից հակադարձեցին. - «Մի շարք հարցեր տեխնիկական բնույթ են կրում և հանրային քննարկման, հրապարակային քննարկման անհրաժեշտություն չենք տեսնում: Կան հանձնաժողովներ, որոնք քննարկում են այդ հարցը, հարցեր, որոնք բացասական դիրքորոշում են ստանում հանձնաժողովի կողմից, հիմնականում քաղաքապետը հանում է օրակարգից: Ավագանու նիստ հասնում են հարցեր, որոնք խնդրահարույց չեն: Օրինակ՝ խմբակցության ղեկավարն, ով դրա մասին խոսեց, ինքը 8 ամսվա մեջ մի հանձնաժողովի նիստի է մասնակցել ընդամենը: Թող գա հանձնաժողովների նիստին քննարկի, բովանդակություն լսի, հարցը տա, պատասխանը ստանա: Եթե դրանից հետո էլի կարիք կգտնի, որ պետք է զեկուցվող լինի, կքննարկենք»:

Հանձնաժողովների նիստերից բացակայող խմբակցության ղեկավարներից է նաև Գրիգորի Երիցյանը: Ասում է՝ ավագանու նիստերն ուղիղ եթերով հեռարձակվում են, հանձնաժողովի նիստը՝ ոչ:

«Իմ գնալ-չգնալն ի՞նչ կապ ունի, իրենք հանրությանն են հաշվետու», - արձագանքեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց»-ի ղեկավարը։

XS
SM
MD
LG