«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները մի քանի ժամ է գործադուլ են անում: Բողոքի պատճառը ընկերության ինժեներ Անդրանիկ Մանուկյանին աշխատանքից ազատելն է, պահանջում են, որ նորանշանակ տնօրենը նրան վերականգնի։
«Մեր ղեկավարությունը շատ լավն էր, լավ ղեկավարություն ունեինք, լավ աշխատում էինք: Եկել է նոր ղեկավար, որին չենք ճանաչում, փոխել է մեր ղեկավարին՝ Անդրանիկ Մանուկյանին, Մուրադյան Դավիթին, որոնք շատ լավ մարդիկ են, հարգանքով, իրենց խոսքը մեր համար օրենք էր», - ասում են վարորդները:
Այս ընկերությունը երեք տեսակի ավտոբուսներով է ուղևորափոխադրում իրականացնում՝ MAN, Zhongtong ու Higer: Այս ավտոբուսների մի մասն այսօր երթուղի դուրս չի եկել։
«Քաղաքը պարալիզացված է, կանգառներում մարդիկ ավտոբուսի են սպասում, խնդրում եմ վերադարձեք աշխատանքի», - ասաց աշխատանքից ազատված ինժեներ Անդրանիկ Մանուկյանը: Հորդորն անպատասխան մնաց, գործադուլը շարունակվում է:
«Ինձ մեղադրում են 1 մլրդ դրամ չարաշահման մեջ, ասում են՝ «հաշվարկները սխալ ես արել»: Ես էլ խնդրում եմ հանձնաժողով բերեն ստուգեն, կամ հանցագործության մասին հայտարարություն տան, կարող ա իրոք սխա՞լ եմ արել, եկեք հասկանանք էդ չարաշահումը որտեղ ա եղել», - լրագրողներին ասաց աշխատանքից ազատված Մանուկյանը:
Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն ասաց՝ սա սաբոտաժ է, եթե կազմակերպիչները չդադարեցնեն, աշխատանքից կազատվեն:
«Անդրանիկ Մանուկյանը չի վերականգնվելու իր աշխատանքում, ազատման հիմքերը ծանրակշիռ են, ոլորտը կարգավորում ենք: Ավելի խիստ հսկողության արդյունքում, նոր տնօրենից հետո ուղևորափոխադրումների շաբաթական հասույթն աճում է, ստվերը՝ կրճատվում, խոսքն ամսական մի քանի միլիոն դրամի մասին է: Իսկ ո՞ւր էին գնում այդ գումարները... դրա մասին՝ հետո», - ասաց Երևանի տրանսպորտի վարչության պետը:
Մինչ վարորդները գործադուլ էին անում, մայրաքաղաքի կանգառներում մարդիկ ավտոբուսի էին սպասում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում հայցել է ուղևորների ներողամտությունն ու նշել, վարորդների՝ ինքնակամ երթուղիներից դուրս գալու պատճառով հնարավոր են ավտոբուսների ժամանման ձգձգումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:
Գործադուլի դուրս եկած վարորդներն ասացին՝ եթե իրենց նախկին ինժեները նորից աշխատանքի չգա, իրենք վաղն էլ ղեկին չեն նստի, իսկ թե այսօր երբ կմոտենան կանգառներում ավտոբուսի սպասող մարդկանց, ասացին՝ թող քաղաքապետարանը մտածի:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային օրվա ավարտին այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, աշխատակազմի հետ է հանդիպում: