«Հայաստանի Կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ելույթ ունենալով «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը. «Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք։ Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունն ԱԷՄԳ-ի և այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար», - իր ելույթում ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանն այսօր է ժամանել Ռուսաստան: «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովի տաղավարներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սպասվում է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում: