Երևանն ու Վաշինգտոնը սկսում են բանակցել 123 միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգներն արդեն հաստատել է Հայաստանի՝ համաձայնագրին միանալու դեռ անցյալ տարի ուղարկված դիմումը:
Իսկ ինչպես կընթանան բանակցություններն ու երբ կստորագրվի համաձայնագիրը, Երևանից բացի կախված կլինի նաև Վաշինգտոնի նոր վարչակազմից, կարծիք հայտնեց էներգետիկայի ոլորտը համակարգած նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Այս փաստաթուղթը ընդհանուր ուղղակի հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում գործող միջուկային ոլորտի ընկերությունների հետ ունենալ համագործակցություն՝ դա կլինի գործող ատոմակայանի մասով, դա կլինի ընդհանրապես ոչ ատոմայականի, բայց միջուկային ոլորտի, միջուկային էներգիայի մասով ընդհանրապես, թե նոր ատոմակայանի մասով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը՝ շարունակելով. - «Առանց այս համաձայնագրի ստորագրման ԱՄՆ-ը թույլ չի տալիս իր երկրի տարածքում գործող որևէ միջուկային ոլորտի ընկերության համագործակցել այն երկրի հետ, որը չի միացել համաձայնագրին»:
Բանակցությունները սկսելու մասին կողմերը հայտնեցին երեք օր առաջ՝ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման ճեպազրույցում։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ 123 համաձայնագիրը «կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակ»: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, ասաց, որ այն «նոր ուղիներ կբացի միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում համատեղ աշխատանքի համար»։
Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությանն ընդհանրական անդրադարձ կա նաև Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև երեք օր առաջ ստորագրված փաստաթղթում։
«Հնարավորություն է, որ թեկուզև գործող ատոմակայանի, կամ հետագայում որևէ համագործակցություն լինի, կամ ամերիկյան ընկերությունները կարողանան գան Հայաստանում մեր միջուկային ոլորտի մրցյութներին մասնակցեն», - նշեց էներգետիկայի ոլորտը համակարգած նախկին փոխնախարարը:
Ի՞նչ է նշանակում համագործակցելու հնարավորություն։ Բանն այն է, որ ամերիկյան օրենսդրությամբ այդ երկրի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր կառույցները չեն կարող որևէ երկրի հետ կիսվել քաղաքացիական միջուկային համագործակցության ոլորտի տեխնոլոգիաներով կամ անգամ դրա մասին գիտելիքով՝ առանց 123 համաձայնագիրը ստորագրելու։
Միևնույն ժամանակ, Հայաստանը վերջին տարիներին զբաղվում է նոր ատոմակայան կառուցելու նախապատրաստական աշխատանքներով, ուսումնասիրվում են մի քանի երկրներից ստացված առաջարկներ։ Պաշտոնապես չի հայտարարվել, բայց և՛ սեղանին դրված առաջարկներն ուսումնասիրող մասնագետների, և՛ տարբեր պաշտոնյաների նախկին հարցազրույցներից պարզ է դառնում, որ Երևանում հակված են կառուցելու փոքր ռեակտորով ատոմակայան։
«Փոքր ռեակտորները ավելի արդյունավետ կլինեն: Սակայն ամեն ինչ կախված է նաև գնից և մնացած այլ գործոններից՝ միջուկային վառելիքի լոգիստիկ հարցերը, թե ինչ գնով են լինելու այդ ռեակտորները. դրանք բոլորը մեծ ազդեցություն ունեն որոշման կայացման համար», - ընդգծեց Հակոբ Վարդանյանը:
Անցյալ տարվա հոկտեմբերին աշխատանքից ազատված նախկին փոխնախարարի խոսքով՝ իր պաշտոնավորման ընթացքում ամենաիրատեսական առաջարկները եղել են ամերիկյան, ռուսական ու հարավկորեական տարբերակները: Եթե վերջին երկուսի դեպքում սահմանափակում չկա, ապա ամերիկյան հնարավոր տարբերակներին մանրամասն ծանոթանալու համար նախ պետք է ստորագրված 123 համաձայնագիր:
«Առաջին հայացքից, շատ ոչ խորը մասնագիտական վերլուծություններից՝ կորեական տարբերակը ամենագայթակղիչներից էր՝ հաշվի առնելով գնային առաջարկները, հաշվի առնելով իր չափերը, կոնֆիգուրացիաները, բայց դա շատ եմ ասում՝ շատ առաջին հայացքից», - աաց նախկին փոխնախարարը:
Առաջակվող տեխնոլոգիաները մանրամասն ուսումնասիրելու ու Կառավարությանը եզրակացություն ներկայացնելու համար անցյալ տարի օգոստոսին գործադիրի որոշմամբ ստեղծվել էր փակ բաժնետիրական ընկերություն, սակայն այդ ընկերությունը փաստորեն դեռ չի սկսել աշխատանքը. ինչպես տեղեկանցք, դրա ֆինանսավորումը նախատեսված է 2025 թվականի բյուջեով։
Հայաստանում այժմ գործող Մեծամորի ատոմակայանը վերազինման հերթական փուլից հետո կգործի մինչև 2036 թվականը։