Այսօր ուշ երեկոյան Մոսկվայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին երկկողմ հանիպում, այդ մասին «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության պայմանագրի նախաստորագրումից և «Թրամփի ուղու» ծրագրի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններից հետո, սա Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների երկրորդ հանիպումն է, մինչ այս նրանք հանդիպել էին անցած ամիս Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում:
Հայաստանի վարչապետն այսօր Ռուսաստան է ժամանել՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
Համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն արդեն իսկ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Կրեմլի հրապարակած տեսանյութում երևում է, որ Փաշինյանն ու Պուտինը ակտիվ շփվում են, սակայն պարզ չէ, թե ինչ թեմայի շուրջ:
Ի դեպ, հրապարակված կադրերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միմյանց ձեռք են սեղմում:
Մինչ Փաշինյան - Պուտին տետատետ հանդիպումը, Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել համաժողովում, մասնավորապես նշելով. «Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունն ԱԷՄԳ-ի և այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը։ Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն»:
Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը։
Մոսկվայից հետո Փաշինյանը կմեկնի Նյու Յորք, ապա Ստրասբուրգ
Մոսկովյան հանդիպումներից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը մեկնելու է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին: Ի դեպ, այստեղ ևս Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Այսքանով, սակայն, վարչապետի օրակարգը չի սպառվի: ԱՄն -ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը կմասնակցի և ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: