Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Փաշինյանն այստեղ ելույթով հանդես կգա:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
Նախատեսվում է Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլից երեկ հաղորդել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին միջոցառմանը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ապա նաև Փաշինյանն ավելի վաղ հայտնել էին, որ սեպտեմբերի վերջին նա մեկնելու է Ռուսաստան:
Այս այցից հետո վարչապետը մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է նրա ելույթը: