Ռուսաստանին ոչ ոք չի հարցրել Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, թե այդ մոտեցումը, որ առաջ են մղում եվրոպացիները, նախևառաջ Ֆրանսիան, նաև անգլիացիները, նպատակ ունի էլ ավելի թեժացնել հակամարտությունը։
Լավրովը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների նախագահն ասել է՝ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։
«Հավանաբար մեզ և Ուկրաինային է նկատի ունեցել, իսկ մեզ հարցնող չի եղել», - ասել է Լավրովը։
Նախօրեին Դոնալդ Թրամփն ասել էր, թե Ռուսաստանի նախագահը համաձայնել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահների տեղակայման գաղափարին:
«Այո՛, նա կհամաձայնի դրան, ես նրան տվել եմ այդ հարցը», - ասել էր Թրամփը։