Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների փաթեթը ներառում է սահմանափակումներ ռուսական բանկերի, «ստվերային նավատորմի» և չինական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Այսօր մենք հայտարարում ենք Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցների ամենամեծ փաթեթի մասին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Նրա խոսքով՝ միջոցները կազդեն տարբեր ոլորտների՝ ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմից» մինչև «Չինաստանի և այլ երկրների ընկերություններ»։
Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Սթարմերը պնդել է, որ «ոչ բոլոր խաղաքարտերն են Ռուսաստանի ձեռքում»։ Նա արևմտյան երկրներին կոչ է արել «մեծացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»՝ ռուսական տնտեսությանը վնասելու համար։ Նրա խոսքով՝ սահմանափակող միջոցները նպատակ ունեն ոչ միայն «Ռուսաստանի ղեկավարությանը նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ», այլև ստիպել Մոսկվային «զիջումների գնալ»։
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում փոխել են գլոբալ քննարկումը» Ուկրաինայում հրադադարի շուրջ։
«Դա հնարավորություն է ստեղծել: Եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն, ապա Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: Եվ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի ինքնիշխան Ուկրաինայի վրա, ինչը պաշտպանված կլինի ամուր անվտանգության երաշխիքներով», - ասել է Սթարմերը:
Պատժամիջոցների փաթեթն ուղղված է նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարի դեմ։ Պատժամիջոցներ է սահմանվել նաև միլիարդատեր գործարար Ռոման Տրոցենկոյի նկատմամբ։