Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի հետ տևական խաղաղության համար իրավական ուժ ունեցող համաձայնություն ձեռք բերել, որը կերաշխավորի թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա հարևանների անվտանգությունը, այսօրվա ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը միաժամանակ շեշտել է, թե Մոսկվան դեմ է ժամանակավոր հրադադարի գաղափարին։
Բանակցությունների պատրաստակամության մասին Կրեմլը հայտարարել էր նաև մինչ այդ՝ զուգահեռ առաջադրելով Ուկրաինայի և Արևմուտքի համար անընդունելի պայմաններ։ Որևէ իմաստ չկա կնքել զինադադար, որը պարզապես կսառեցնի Ուկրաինայում ընթացող պատերազմը: Այդպիսի զինադադարը ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ, ասել է նա:
«Մենք չենք կարող բավարարվել դատարկ խոսակցություններով: Մինչ այժմ մենք միայն խոսում ենք ինչ-որ զինադադար կնքելու անհրաժեշտության մասին: Եվ առանձնապես չի էլ թաքցվում, որ այդ զինադադարն անհրաժեշտ է ժամանակ շահելու համար, որպեսզի շարունակվի Ուկրաինային զենքի մատակարարումը, որպեսզի նրանք իրենց կարգի բերեն, լրացուցիչ մոբիլիզացիա իրականացնեն և այլն», - նշել է Լավրովը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ասել է, թե Մոսկվան ցանկանում է, որ իրավական փաստաթղթերն այնպես ձևակերպվեն, որպեսզի ապահովեն «այդ պայմանավորվածությունների խախտման անհնարինությունը»։ Լավրովը նաև ասել է, որ Ֆրանսիան բազմիցս դիմել է Ռուսաստանին փակ խողովակներով՝ առաջարկել է երկխոսություն հաստատել առանց Ուկրաինայի մասնակցության։ Մոսկվան չի հրաժարվել շփումներից և պատրաստ է լսել արևմտյան իշխանությունների առաջարկները, սակայն Փարիզի պահվածքը, ըստ նրա, միանշանակ չէ:
«Մեր ֆրանսիացի գործընկերները նման ցանկություն ունեն նախաձեռնող դեր խաղալ տարբեր հարցերի շուրջ, և մենք ողջունում ենք դա, բայց ես չգիտեմ, թե ինչպիսին է նման նախաձեռնությունների արդյունքը, և որքանով է դրական դեր խաղալու ցանկությունն անկեղծ», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին
Լավրովն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին, որտեղ դեկտեմբերի սկզբին Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստ զինված խմբավորումը տապալեց Բաշար Ասադի երկարամյա իշխանությունը։ Վերջինս փախավ երկրից և ապաստան ստացավ Ռուսաստանում: Լավրովն ասել է, որ Ռուսաստանը Սիրիայի հետ վաղեմի և ռազմավարական հարաբերություններ ունի, ինչը օրերս հաստատել է նաև Սիրիայի նոր ղեկավարը:
«Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ Ալ-Շաարան վերջերս ելույթ ունեցավ, կարծեմ հարցազրույց էր տվել BBC-ին, որում մեր երկրների հարաբերություններն անվանել է երկարամյա և ռազմավարական: Մենք կիսում ենք այս գնահատականը: Մենք անշուշտ շատ ընդհանրություններ ունենք մեր սիրիացի բարեկամների հետ», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ հասկանում են Թուրքիայի ղեկավարության, թուրք ժողովրդի մտահոգությունները՝ պայմանավորված Սիրիայի հետ սահմանի անվտանգությամբ, որտեղ ահաբեկչական կառույցները բազմիցս միջադեպեր են հրահրել:
«Այս անվտանգության լեգիտիմ շահերը պետք է ապահովվեն, բայց դրանք պետք է ապահովվեն այնպես, որ Սիրիան պահպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միասնությունը: Թուրքիայի ղեկավարությունը խոսում է այս ամենի օգտին, և մենք սատարում ենք դրան», - ասել է նա:
Ռուսաստանը, որը երկու ռազմաբազա ունի Սիրիայում, Ասադի ռեժմի տապալումից հետո զինտեխնիկայի մի մասն արդեն դուրս է բերել Սիրիայից և տեղափոխել աֆրիկյան երկրներ: