Մատչելիության հղումներ

Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավ է խորտակվել


Ռուսական ռազմանավերը Միջերկրական ծովում, 12-ը սեպտեմբերի, 2024թ․
Ռուսական ռազմանավերը Միջերկրական ծովում, 12-ը սեպտեմբերի, 2024թ․

Միջերկրական ծովում՝ Իսպանիայի ու Ալժիրի միջև տարածքում, դեկտեմբերի լույս 24-ի գիշերը խորտակվել է ռուսական "Урса Майор" բեռնատար նավը, որը ենթադրաբար պետք է մասնակցեր Սիրիայում ռուսական ռազմաբազայի տարհանմանը։

16 նավաստիներից 14-ը փրկվել են, երկուսը համարվում են անհետ կորած։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ նավը սկսել է խորտակվել կառավարման սենյակում տեղի ունեցած պայթյունից հետո։

Նավը պատկանում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներքո գործող "Оборонлогистика" ընկերությանը, որը Միացյալ Նահանգների ու Եվրամիության պատժամիջոցների ցանկում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։

Բեռնատար նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել դեկտեմբերի 11-ին, վերջնակետը Վլադիվոստոկն էր, ուր, Vessel Finder-ի տվյալներով, պետք է հասներ հունվարի 22-ին։

"Медиазона"-ն՝ վկայակոչելով OSINT-ի վերլուծաբաններին, նշում է, որ Ռուսաստանը "Спарта" и "Урса Майор" նավերը Միջերկրական ծով է ուղարկել երեք խոշոր դեսանտային նավերի ուղեկցությամբ՝ հավանաբար Սիրիայում ռուսական ռազմաբազան տարհանելու համար։

2015 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց Ռուսաստանի վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր զորախումբը տեղակայել Սիրիայում, որպեսզի այն աջակցի ապստամբների և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարելու՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ջանքերն: Սիրիան Ռուսաստանին 49 տարվա վարձակալության իրավունք էր տվել Տարտուսի և Հմեյմիմում տեղակայված ավիաբազայի նկատմամբ:

Դեկտեմբերի կեսերին՝ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից հետո, սիրիական և արևմտյան աղբյուրները հաղորդեցին, որ երկրի տարածքում ռուսական զորքերի ակտիվ վերատեղակայումներ են նկատվում։ Սիրիայի նոր անցումային կառավարությունը կոչ արեց Մոսկվային վերանայել իր ներկայությունը երկրում։

XS
SM
MD
LG