Մատչելիության հղումներ

250 մլրդ դոլար՝ աղքատ երկրներին. COP29-ի վերջին ժամերին Բաքվում գործարքի նախագիծ է ներկայացվում

Լրացված

COP 29-ն այսօր պաշտոնապես ավարտվում է, բայց գլխավոր հարցով Բաքվում համաձայնություն չկա, որքա՞ն գումար պետք է տրամադրեն հարուստ երկրները աղքատներին։

Կլիմայական համաժողովի հյուրերը, պաշտոնյաներն ու լրագրողներն առավոտից ֆինանսների վերաբերյալ նախագծի նոր տարբերակին էին սպասում, այն ուշացումով հրապարակվեց։ Առաջարկվում է մինչ 2035 թվականը հարուստ երկրների առաջնորդությամբ զարգացողների համար տարեկան 250 միլիարդ դոլար մոբիլիզացնել կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար, զարգացող երկրները, մինչդեռ, մի քանի անգամ ավելի շատ ՝ տարեկան 1,3 տրիլիոն դոլար էին պահանջում։ Նախագիծը միայն կոչ է անում հասնել այդ ցուցանիշին:

Առաջին արձագանքները չուշացան, անընդունելի է, մեկը մյուսի հետևից հայտարարում են տարբեր աշխարհամասերից ժամանած բանագնացները:

«250 միլիարդ առաջարկելով թքում են մեր նման խոցելի երկրների երեսին: Մինչ մենք մահերի հետ ենք հաշվի նստում, նրանք գրոշներ են առաջարկում», - X-ում գրել է Պանաման ներկայացնող Խուան Կարլոս Մոնտերեյ Գոմեսը՝ առաջարկի հեղինակներին չար ու անխիղճ անվանելով:

COP-ին մասնակցող արհմիությունների ներկայացուցիչներն էլ շեշտում են՝ գնաճը հաշվի առնելով 250 միլիարդը հազիվ թե բան փոխի։

Ոչ միայն առաջարկվող գումարի չափն է դժգոհության ալիք բարձրացրել, այլև նախագծի ձևակերպումները․ օրինակ այն կետը, որ այդ գումարը զարգացած երկրների առաջնորդությամբ պետք է հավաքվի, ինչն ըստ տարբեր գնահատականների՝ հարուստներից զատ մյուսներին էլ պատասխանատու կդարձնի։ Մեկ այլ դրույթով էլ զարգացող երկրներին բառացիորեն են հրավիրում մասնակցություն ցուցաբերել։

Քննարկումները շարունակվում են:

«Վերջին շրջանի ամենավատ COP-ն է»

Բաքվում ոչ միայն տեքստից են դժգոհում, համաժողովը կազմակերպած Ադրbեջանին նույնպես քննադատում են․ սա վերջին շրջանի ամենավատ COP-ն է, համաժողովի ասուլիսների սրահում հայտարարեց Power Shift Africa հետազոտական կենտրոնի տնօրեն Մոհամեդ Ադոուն՝ ընդգծելով, - «Ես պետք է անկեղծ լինեմ, մեր տեսած ամենավատ ու քաոտիկ համաժողովներից մեկն է կազմակերպվել, COP -երը կողմերի միջև բանակցությունների մասին են, որևէ նման բան չեղավ»:

Հետազոտական կենտրոնի ղեկավարն, ըստ էության, աղքատ երկրների անունից էր խոսում, ելույթը ծափահարություններով ուղեկցվեց։ Պնդեց՝ համաժողովի նախագահը՝ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաևը բոլոր կողմերին բանակցություններում չէր ներառում, հանդիպումներ էր անցկացնում հարուստ երկրների ներկայացուցիչների հետ:

Գլոբալ տաքացման հարցում մեղքի փոքր բաժին ունեցող զարգացող աշխարհը կլիմայական փոփոխություններից ամենաշատն է տուժում։ Ահագնացող խնդիրներին դիմակայելու համար հարուստ երկրներից տրիլիոններ են պահանջում։

Բանակցությունները շեղվել են ուղուց, մեկ այլ ճեպազրույցի ընթացքում ընդգծեց Վաշինգտոնում գործող Էկոլոգիական միջազգային իրավունքի կենտրոնի կլիմայական ծրագրի ղեկավար Նիկի Ռեյչը: «Մենք չենք ուզում, որ այս բանակցությունների ավարտը պարզապես խոստումները լինեն», - նշել է նա:

Երեկոյան համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը կանցկացվի, նախատեսվում է, որ հենց դրա ընթացքում երկրները նախագծի շուրջ իրենց պաշտոնական դիրքորոշումը կներկայացնեն։

XS
SM
MD
LG