Մատչելիության հղումներ

Միջուկային զենքի տաբու պահանջող ճապոնացիները՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ


2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր «Նիհոն Հիդանկյո» շարժման համանախագահ, Նագասակիի ատոմային ռմբակոծությունը վերապրած Տերումի Տանակա, արխիվ
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր «Նիհոն Հիդանկյո» շարժման համանախագահ, Նագասակիի ատոմային ռմբակոծությունը վերապրած Տերումի Տանակա, արխիվ

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց ճապոնական «Նիհոն Հիդանկյո» շարժմանը, որը տասնամյակներ ի վեր պայքարում է միջուկային զինաթափման համար, աշխարհին պատմում միջուկային զենքի կործանարար վտանգների մասին՝ վկայակոչելով հայրենի քաղաքների՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները:

Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրված 286 թեկնածուներից ընտրված «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությունը, որը հայտնի է նաև որպես «Հիբակուշա», ստեղծվել է 1956 թվականին՝ աշխարհում երբևէ կիրառված միջուկային ռումբերից փրկվածների կողմից:

Մոտ ութ տասնամյակ առաջ Միացյալ Նահանգների կողմից ճապոնական քաղաքներին հասցված միջուկային հարվածներն ավելի քան 200 հազար մարդու կյանք են խլել, հազարավոր մարդիկ մահացել են ռմբակոծությանը հաջորդած ամիսներին՝ ճառագայթման հետևանքներից:

«Հիբակուշան մեզ օգնում է նկարագրել աննկարագրելին, պատկերացնել աներևակայելին և ինչ-որ չափով ընկալել միջուկային զենքի պատճառած անսահման ցավն ու տառապանքը», - հայտարարել է Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը:

Նոբելյան կոմիտեն շեշտում է՝ միջուկային զենքի կիրառման դեմ ճապոնական կազմակերպության համառ պայքարը վտանգված է, միջուկային գերտերություններն արդիականացնում են իրենց զինանոցը, մեծացնում միջուկային հնարավորությունները՝ սպառնալով զանգվածային ոչնչացման զենքեր կիրառել ընթացող պատերազմներում:

Առանց կոնկրետ երկրների անուններ տալու, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Յորգեն Վատնե Ֆրիդնեսը պնդել է՝ միջուկային երկրների մտքի ծայրով անգամ չպետք է անցնի միջուկային զենք կիրառելը.

«Այսօրվա միջուկային զենքերը շատ ավելի մեծ կործանարար ուժ ունեն: Դրանք կարող են սպանել միլիոնավոր մարդկանց և աղետալի հետևանքներ պատճառել կլիմային։ Միջուկային պատերազմը կարող է ոչնչացնել մեր քաղաքակրթությունը»:

Միջուկային զենքը խաղաղություն չի բերում՝ Նոբելյան մրցանակի արժանացած «Նիհոն Հիդանկյո»-ի համանախագահ Տոշիյուկի Միմակիի առաջին արձագանքն է: Իրավապաշտպանը Հիրոսիմայում ասուլիս էր տալիս, երբ տեղեկացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու մասին. - «Չի կարող պատահել, չեմ հավատում։ Ինչո՞ւ հենց «Նիհոն Հիդանկյո»-ն: Այս մրցանակին պետք է արժանանան այն մարդիկ, ովքեր այնքան ծանր աշխատանք են իրականացնում Գազայում»:

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան շտապել է ողջունել Նոբելյան կոմիտեի որոշումը և դափնեկրի ընտրությունը «չափազանց իմաստալից» է գնահատել:

«Այն փաստը, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է միջուկային զենքի վերացման ուղղությամբ երկար տարիներ պայքարած այս կազմակերպությանը, չափազանց իմաստալից է», - հայտարարել է վարչապետը։

Ճապոնիայի խոշորագույն թերթերից մեկը կայծակնային արագությամբ հատուկ համար է հրատարակել՝ հաղթանակի լուրը Տոկիոյի բնակիչներին հայտնելու համար:

«Նրանք մի խումբ մարդիկ են, ովքեր ուղերձ են հասցնում աշխարհին, ուստի որպես ճապոնացի՝ կարծում եմ սա իսկապես հիանալի է, և ես կարող եմ միայն իմ երախտագիտությունը հայտնել այս մրցանակին արժանացած անձանց: Կներեք, չեմ կարող զսպել արցունքներս», - ասել է Տոկիոյի 58-ամյա բնակիչ Յոշիկո Վաթանաբեն:

«Կարծում եմ շատ են մարդիկ, ովքեր հստակ չեն պատկերացնում ինչ է ատոմային ռումբը։ Ճապոնիան պետք է ամեն ինչ անի այդ մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Հուսով եմ՝ այս միջազգային մրցանակը կօգնի ավելի լավ տարածել ուղերձը», - ընդգծել է Ճապոնիայի մայրաքաղաքի մեկ այլ՝ 78-ամյա բնակիչ Օկուուչի Տոմակը:

Խաղաղության հեղինակավոր մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Սուդանում շարունակվող արյունալի պատերազմների ֆոնին, մինչդեռ մրցանակի հավակնորդների պակաս չկար․ այս տարի առաջադրվել էր 286 թեկնածու, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը, Արդարադատության միջազգային դատարանը:

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից տրվող մրցանակի համար, գործող կարգի համաձայն, կարող է առաջադրվել ցանկացած անձ, որն, ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի, համապատասխանում է երեք չափորոշիչների՝ ներդրում ունի զինված ուժերի թվաքանակի կրճատման, խաղաղ բանակցությունների խթանման և ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG