Մատչելիության հղումներ

«Մենք միգրանտ չենք». ՌԴ բեռներ փոխադրող մի խումբ վարորդների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առջև


Ռուսաստան բեռներ փոխադրող մի խումբ վարորդներ՝ կառավարության շենքի առջև, հոկտեմբերի 13,2025թ.
Ռուսաստան բեռներ փոխադրող մի խումբ վարորդներ՝ կառավարության շենքի առջև, հոկտեմբերի 13,2025թ.

Ռուսաստան բեռներ փոխադրող մի խումբ վարորդներ հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ պահանջելով, որ Երևանը բանակցի Մոսկվայի հետ՝ կանխելու 90 օրից ավելի ՌԴ-ում մնացած վարորդների արտաքսումը. «Հարցը միայն մեզ չի վերաբերվում, մեր երկրի տնտեսությանն էլ», - ասում է վարորդներից մեկը:

Այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այս տարվա հունվարի 1-ից այդ երկրում կարող են մնալ ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր, այլ 1 տարվա ընթացքում՝ գումարային 90 օր: Այսինքն՝ այս ժամկետը ՌԴ-ն երկու անգամ կրճատել է: Բայց սա այն քաղաքացիների համար է, որոնց ՌԴ գնալու նպատակն այնտեղ աշխատելը չէ: Բեռնատարների վարորդները դժգոհում են, թե ինչո՞ւ է իրենց վրա տարածվում այս օրենքը: Իրենք, ո՛չ ՌԴ-ում են աշխատում, ո՛չ էլ որպես զբոսաշրջիկ են գնում այնտեղ:

«Մենք միգրանտ չենք, ո՛չ աշխատելու ենք գնում, ո՛չ հյուր ենք գնում, ո՛չ հանգստանալու», - ասում է բողոքի ակցիա իրականացնող հայ վարորդներից մեկը:

Այս խնդրի առաջ են կանգնել ոչ միայն Հայաստանի բեռանատարների վարորդներն, այլև ՌԴ-ի հետ ոչ վիզային հարաբերություններ ունեցող մի շարք այլ երկրների բեռնախողադրող քաղաքացիներ: Կառավարության դիմաց հավաքված հայ վարոդները լուրերով են լսել, որ ղազախ վարորդների բողոքներից հետո միջանկյալ որոշում է կայացվել այդ երկրի համար: 90 օրը լրացած ղազախ վարորդներին ՌԴ-ից հետ չեն վերադարձնի: Ասում են՝ թող ՀՀ կառավարությունն էլ նույն ճանապարհով գնա. «Ոնց Ղազախստանի պատգամավորները բարձրաձայնին, ումն էլ արգելափակել էին, վերականգնեցին: Հիմա, ես չգիտեմ, մենք ունե՞նք պատգամավորներ, որ զբաղվեն մեզնով»:

Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ դեռ նախորդ տարվանից էր հայտարարել՝ ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքի որոշ կետեր փաստի առաջ են կանգնեցնելու հայ վարորդներին, այսօր ձեռքին արդեն արտաքսման վտանգի առաջ կանգնած 15 վարորդից անահատական դիմումներ ուներ:

Բողոքի ակցիայի եկած վարորդները չսպասեցին, որ կառավարությունից իրենց ընդունեն, ոչ էլ նամակ հանձնեցին: Ասացին՝ խնդրի մասին նրանք լավ գիտեն, թող աջակցեն իրենց, հակառակ դեպքում՝ բեռնատարների վարորդները ո՛չ ապրանք են տանելու ՌԴ, ո՛չ էլ բերելու են: «Շուտով, որ որոշ ապրանքներ թանկանա, իմացեք՝ պատճառը սա է»,- ասում են նրանք: Իսկ ՌԴ-ի որոշած այդ 90 օրը՝ ողջ տարվա համար քիչ է, իրենց կամքից անկախ են դա խախտում. «90 օրը գալիս է, որ եթե հերթեր եղան, հիմա էլ ձմեռ է, մենք էնտեղ մնում ենք կանգնած, արդեն մեր 90 օրից դուրս է գալիս»:

«Ազատությունը» նախորդ շաբաթ էր դիմել ՆԳՆ ու ԱԳՆ, երկու կառույցներից էլ փոխանցեցին՝ տեղյակ են, որ կա այս խնդիրը, աշխատում են այդ ուղղությամբ: Արտգործնախարարությունից էլ փոխանցել էին, որ մտահոգ են, համարում են, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները անհավասար պայմաններ են սահմանում ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG