Մատչելիության հղումներ

Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել միանգամից 9 անձի


Մերձավանի ՔՊ-ական գյուղապետի տան դիմաց տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել միանգամից 9 անձի, որից 2-ը երեկ է ձերբակալվել, մեկն՝ այսօր։

Քննչական կոմիտեից այսօր հայտնեցին, թե գյուղապետ Մհեր Ախտոյանը ձերբակալվածների ու կասկածյալների շարքում չէ: Նա, մեկ այլ քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար է մեղադրվում։ Կալանքից նոյեմբերին է ազատվել՝ չհեռանալու ստորագրությամբ։

Արյունալի կրակոցների հետևանքով Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա տղան էր սպանվել։

Ովքե՞ր են 9 մեղադրյալները, նախաքննական մարմնից դեռ չեն բացահայտում նրանց ինքնությունը։

Գերատեսչությունում երեկ քրեական գործ էր հարուցվել սպանության, խուլիգանության ու ապօրինի զենքի օգտագործման հոդվածներով։

Այսօր մերձիշխանական լրատվամիջոցները Ախտոյանների տան վերահսկող տեսախցիկի տեսագրությունը տարածեցին, որտեղ երևում է ծեծկռտուքին ներկա երիտասարդներից մեկի ձեռքի ինքնաձիգը, հավանաբար՝ «Կալաշիկով» տեսակի։

Ինչպե՞ս է այն հայտնվել քաղաքացու ձեռքին, իրավապահները դեռ հրաժարվում են հայտնել՝ պատճառաբանելով ընթացող նախաքննությունը։

2020-ի արցախյան պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ համարվում է կորած։ Պաշտոնապես չի հստակեցվում՝ այդ զենքից քանիսն է հայտնաբերվել։ Իրավապահները չեն թաքցնում՝ հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է: Ներքին գործերի նախարարությունն 2024-ին 109 նման դեպք է գրանցել՝ 15-ով ավելի, քան 2023-ին։

Առայժմ անհայտ է մնում ողբերգական դեպքի պատճառը՝ քաղաքակա՞ն, թե՞ կենցաղային հողի վրա է տեղի ունեցել այն։ Մամուլում տեղեկություններ կան, որ կրակոցներին նախորդել է մեկ այլ վայրում տեղի ունեցած ծեծկռտուքը, որին մասնակցել է սպանված երիտասարդը: Իրավապահ մարմինները, սակայն, որևէ մանրամասն միջադեպի պատճառների մասին մինչ այս պահը չեն հայտնել:

Մերձավանի ղեկավարի՝ Մհեր Ախտոյանի հարազատ եղբայրը՝ Դավիթ Ախտոյան, որը Փարաքարի համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ է, երեկ հրաժարվեց խոսել պատճառներից: Միայն պնդեց, թե իրենց տան վրա են հարձակվել։

Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ է հրաժարվում որևէ մեկնաբանությունից։ Նախաքննությունն է պատճառաբանում։ Փրայմըրիզով կրկին Փարաքարի ղեկավար դարձած Գյուլնազարյանն այսօր միայն հերքեց, թե ձերբակալվածների ցանկում «Քաղաքացիական պայմանագրից» անդամ կա։

Դատելով Մհեր Ախտոյանի ֆեյսբուքյան հրապարակումներից՝ նա ջերմ հարաբերություններ ունի Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։ Գյուլնազարյանն ինքը, մեկ այլ քրեական պատմության մեջ էր հայտնվել՝ Երևանում հնչած կրակոցներից ոտքից վիրավորվել։ Լյուդվիգ Գյուլնազարյանը, սակայն, ավելի ուշ հերքել էր, թե ինքն առնչություն ունի դեպքի հետ։

Չնայած դրան, հրաժարական էր ներկայացրել ու ամիսներ անց կրկին՝ այս անգամ փրայմըրիզի ընտրությանը մասնակցել ու հաղթել՝ ընտրվելով որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 9 գյուղ ներառող խոշորացված համայնքում ընտրությունները տեղի կունենան երկու ամսից՝ մարտի 30-ին:

XS
SM
MD
LG